ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը: «Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,-ասաց Ալթունյանը: Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, թե ադրբեջանցիները կոտրել են դարպասը, նաև մտել Սոթքի հանքավայր: |