ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ
10:25, 28.11.2020 | mamul.am
5502 | 0

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար:

Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովելու և նրանց իրավունքների պաշտպանելու ուղղությամբ քայլերի հրատապությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին այս ճակատագրական պահին արցախահայության կողքին լինելու համար։

Նախարար Այվազյանը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն: Այս համատեքստում երկուստեք նշվել է Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախահայության իրավունքների և շահերի հասցեագրման շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ որպես անհրաժեշտ պայման իր պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապագա կառուցելու համար:

Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր