ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հրապարակային որևէ հայտարարություն անել չէի կարող, որովհետև եթե Ադրբեջանն առաջարկը մերժեր, դա կլիներ մեր դիմադրության փլուզումը». Նիկոլ Փաշինյան
18:10, 29.11.2020 | mamul.am
8084 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:

Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:

Զանգահարեցի Արցախի նախագահին և ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց՝ համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին և տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն:

Նույն օրն ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաև Հանրապետության նախագահը և Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որևէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:

Հրապարակային որևէ հայտարարություն անել չէի կարող, որովհետև եթե Ադրբեջանն առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ և ետ կզանգի:

Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից:

Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև, ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ: Հաջորդ օրը ՌԴ նախագահը, պայմանավորվածության համաձայն, զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշն իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն՝ ըստ փաստացի շփման գծի:
Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչո՞ւ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:

Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:

Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր