ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Արդարադատություն ունենալու համար պետք չէ ղեկավարի դիրքով հանդիպել դատավորների հետ». Տարոն Սիմոնյան
16:35, 01.12.2020 | mamul.am
2784 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է. «Մարդիկ կան, որ այնքան են համոզված իրենց մի բուռ արդարության մեջ, որ պատրաստ են աշխարհը խեղդել անարդարության ծովում։

Արցախում պատերազմը կանխող արտաքին քաղաքականություն ունենալու համար պետք չէ բանակցել բանակցելու համար։

Անհրաժեշտ էր դիվանագիտական և իրավական մեխանիզմներով (որոնք կան) ապացուցել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Ձեռքի հետ էլ գոնե չվիրավորել դաշնակից պետություններին։

Պատերազմում հաղթելու համար պետք չէ պատրաստվել անցյալի պատերազմին՝ ծախսելով միլիարդներ։

Անհրաժեշտ էր պատրաստվել նոր սերնդի պատերազմին՝ ծախսելով միլիոններ։

Եվ, իհարկե, հույսը չդնել այլ պետությունների հնարավոր ենթադրյալ շահի վրա։ Պատերազմը ենթադրություն չի սիրում։

Աշխատող տնտեսություն կառուցելու համար պետք չէ ներդրողների հետ հանդիպելիս տասը բառից բաղկացած մեկ նախադասության մեջ հինգ անգամ կրկնել կոռուպցիա բառը։ Դա վանում է։

Անհրաժեշտ է ընդամենը վստահություն ստեղծել, որ աշխարհի ամենազգայուն երևույթի՝ փողի անվտանգության համար առկա են կայուն և հասկանալի խաղի կանոններ։

Արդարադատություն ունենալու համար պետք չէ դատարանները շրջափակելու հրաման տալ կամ ղեկավարի տեսքով ու դիրքով հանդիպել դատավորների հետ։ Փոխարենը կարելի է դատարանների աշխատանքն արդյունավետ դարձնելու մեխանիզմ մտածել (որը կա)։ Կոռուպցիայի դեմ այդկերպ ավելի արդյունավետ պայքար կմղվի։

Մի խոսքով, չեմ քննադատում, ճանապարհն եմ ցույց տալիս... վերջին երկու տարին անընդհատ...

Հ.Գ. Այսօր 2020թ-ի ձմռան առաջին օրն է։ Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր՝ շատ ցավոտ պարտությունից հետո, նոր պատմություն ենք ստիպված սկսում։

Հուսով եմ՝ գոնե հիմա հասունանալուց չենք խուսափի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր