ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ
17:10, 01.12.2020 | mamul.am
9042 | 0

Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն են
կնքել` մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացման հնարավորությամբ: «Բազել III»-ի չափանիշների շրջանակում այդ վարկային միջոցները բավարարում են լրացուցիչ կապիտալի գործիքների պահանջներին և ուղղված են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում «Սիմբիոտիքս» կազմակերպության մեր գործընկերների հետ փոխհարաբերությունները և ուրախ ենք շարունակել համագործակցությունն այս երկարաժամկետ ստորադաս փոխառության շրջանակներում: Ներգրավվող միջոցները կօգնեն մեզ ոչ միայն պահպանել վարկային պորտֆելի աճը, այլև անչափ պահանջված աջակցություն ցուցաբերել Հայաստանում գործող ձեռնարկություններին այս դժվարին ժամանակաշրջանում:

Վարկը տրամադրվել է ճիշտ ժամանակին, երբ ոլորտի կարգավորող մարմինը խրախուսում է բանկերին նորմատիվային կապիտալի գործիքների միջոցով կապիտալ ներգրավել, և մենք դեռ այս տարի նախատեսում ենք իրականացնել նորմատիվային կապիտալի ներգրավման այլ ծրագրեր: Սա նաև կարևոր քայլ է մեր կողմից առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու ճանապարհին, և ես ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Ամերիաբանկի նկատմամբ իրենց վստահության և շարունակական աջակցության համար»:

«Այս գործարքի շրջանակում մեր հիմնական ներդրող «C Quadrat» ընկերության հետ ուրախ ենք աջակցել մեր երկարամյա գործընկեր Ամերիաբանկին` համաճարակի պայմաններում նորմատիվային կապիտալ ներգրավելու գործում: Տնտեսության ոլորտի համար այս դժվարին ժամանակաշրջանում ակնկալում ենք համատեղ ուժերով տեղական միկրո` փոքր և միջին ձեռնարկություններին ապահովել ֆինանսական միջոցների հասանելիություն»,- նշել է ԵԿԱ (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) և ՄԱՀԱՊ (Միջին Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Աֆղանստան և Պակիստան) գծով Սիմբիոտիքսի տարածաշրջանային համաղեկավար Սոֆյա Տուլուպովան:

«Ավելի քան տասը տարի շարունակ Vision Microfinance-ը հնարավորություն է ընձեռում զարգացող երկրների բնակիչներին էապես բարելավել իրենց կենսապայմանները: Դա հնարավոր է դարձել Սիմբիոտիքսի հետ համագործակցության և տարիների ընթացքում ձևավորված տեղական ֆինանսական հաստատությունների հուսալի ցանցի շնորհիվ: Ամերիաբանկը մեր ներդրումային ցանցում ներառված ամենաբարձր վարկանիշ ունեցող գործընկեր հաստատություններից մեկն է, և մենք ուրախ ենք, որ այս վարկի միջոցով մեզ հաջողվեց ճիշտ ժամանակին աջակցել Բանկին: Տվյալ վարկի միջոցները կծառայեն Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայրերում գործող` Բանկի ՄՓՄՁ հաճախորդներին ֆինանսավորելու նպատակին»,- ասել է «C-QUADRAT Impact Asset Management» ՍՊԸ հիմնադիր, ղեկավարող գործընկեր և ՏՏ գծով տնօրեն Գյունթեր Կաստները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր