ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
17:55, 01.12.2020 | mamul.am
2702 | 0

Դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նիստի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին՝ առանձնահատուկ նշելով ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը: Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի Դաշնության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծել հումանիտար բնույթի գործունեությունը, կարևորել զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:

Պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների 2021-2025թթ. ռազմական համագործակցության զարգացման պլանի մասին:

Նիստի շրջանակներում քննարկվել են օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համար կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման միջոցառումները, խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման համակարգը և այլն: Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ծանոթացնելով ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության ընթացքում ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթությունների մասին:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2021թ. առաջին կիսամյակում, Տաջիկստանի Հանրապետությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր