ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ծախեցին թշնամուն»․ Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ․ #РИАНовости-ն վերլուծել է հետպատերազմյան զարգացումները
01:25, 03.12.2020 | mamul.am
7949 | 0

Ադրբեջանի նախագահը ցանկանում է արագ ճանապարհ կառուցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ու հիշեցնում է, որ առանց դրա Երևանը տասնամյակներ շարունակ զրկվել է եկամուտից։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ։ РИА Новости-ն վերլուծել է, թե արդյոք Բաքվում պատրաստ են համագործակցել, և որ սխալների համար են Հայաստանի վարչապետից պահանջում հրաժարական տալ:
Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով։ Նախօրեին Լաչինի շրջանում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը. հայերը լքել են այդ տարածքը։
Ալիևը Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայումը ներկայացրել է որպես Բաքվի դիվանագիտական հաղթանակ:
Նրա խոսքով՝ առաջին Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի պարտությունը պայմանավորված էր ներքին քաղաքական պատճառներով։ «Նրանք, ովքեր պայքար էին մղում թշնամու դեմ՝ ծախեցին Լաչինը, Շուշին, Քարվաճառը»,- ասել է երկրի ղեկավարը՝ անուններ չնշելով։
«Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են»,- հայտարարել է Ալիևն ու հավելել, որ Բաքուն դեպի Աղդամ երկաթուղի է կառուցում։
Ալիևը հիշատակել է նաև այլ տրանսպորտային ուղղություն, որի մասին ասվում է 3 երկրների առաջնորդների հայտարարության մեջ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը՝ Հայաստանի տարածքով։
Բաքվում եռակողմ պայմանավորվածությունները համարել են Երևանի պարտությունը։ Հայաստանում փաստաթուղթը նույնպես որպես պարտություն են գնահատել. երկրում բողոքի ակցիաներ են սկսվել «Նիկո՛լ դավաճա՛ն» կարգախոսով։ Նախարարների մի մասը թողել է պաշտոնները, խորհրդարանականները հրաժարվել են մանդատներից, բոլորը միմյանց մեղադրում են ազգային շահերը խարխլելու մեջ. հանրապետությունում քաղաքական ճգնաժամ է սկսվել:
Փաշինյանը ստիպված է եղել պատասխան տալ ոչ ժողովրդական որոշման համար։ Նոյեմբերի վերջին ՀՀ վարչապետը գրել էր, որ դեռևս հոկտեմբերի 19-ին, երբ տարածաշրջանում մարտեր էին ընթանում, իրեն է զանգահարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով: Փաշինյանի պնդմամբ՝ նա ոչ միայն անձնական կարծիք է հայտնել, այլև ԼՂՀ նախկին նախագահների տեսակետները։
Դրանից հետո Փաշինյանը կապ է հաստատել Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) նախկին սահմանի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ռուսաստանի նախագահը խոստացել է խոսել Ալիևի հետ։ «Հաջորդ օրը ԼՂՀ նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ իրենք դեմ են որևէ համաձայնագրի՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման»,- հայտարարել է Փաշինյանը։ Ըստ նրա, ինքը այդ ժամանակ որոշում է կայացրել շարունակել մարտական գործողությունները, քանի որ Բաքվում, որպես պայման, առաջ են քաշել Շուշիի վերադարձը։ Բացի այդ, ադրբեջանցիները պնդում էին, որ խաղաղապահներ տեղակայվեն շփման գծում, այլ ոչ թե նախկին սահմանին։
Հոկտեմբերի 19-ին ԼՂՀ նախագահը պատերազմի դադարեցման վերաբերյալ նամակներ է պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջնորդներին, ինչպես նաև Հայաստանի վարչապետին: «Սակայն վարչապետ Փաշինյանը բացատրել է, որ ստեղծված իրավիճակում, որն առաջացել է Ադրբեջանի քաղաքականության պատճառով, նամակներ ուղարկելը կորցրել է իր արդիականությունը։ Սա է ողջ ճշմարտությունը»,- նման հայտարարություն են արել Ղարաբաղի նախորդ առաջնորդները։
Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես է եկել նաև նախագահ Արմեն Սարգսյանը․ «Եթե քաղաքական գործիչն ուժեղ է, նա կարող է հետո վերադառնալ։ Նախորդ ընտրությունները կայացել են 2,5 տարի առաջ, երբ երկիրը բոլորովին այլ էր»։
2018թ․-ի սեպտեմբերին Հայաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Զրուցակիցները պայմանավորվել են տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ տարվող քայլերի մասին։ Ալիևը դրական տպավորություն է թողել Փաշինյանի վրա, ՀՀ կառավարության ղեկավարը նրան «կիրթ մարդ» է անվանել։
Հիմա Հայաստանում հիշում են նաև Փաշինյանի այդ խոսքերը, ինչպես նաև շատ այլ խոսքեր, որոնք ասվել են կուլիսների հետևում։ Օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը պատմում է, որ 2019-ին վարչապետը մեղադրում էր Մոսկվային, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը և ԼՂՀ ղեկավարությանը իր դեմ դավադրություն կազմակերպելու փորձերի մեջ։ Եվ նույն տարում Փաշինյանը՝ հույզերի ազդեցության տակ ուզում էր հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին։
Հետխորհրդային տարածքում տնտեսական հարաբերությունների մասնագետ Անդրեյ Սուզդալցևը կարծում է, որ չնայած Ալիևի հռետորաբանությանը, տնտեսական համագործակցության մասին խոսելը վաղ է:
«Ընդ որում, հայ և ադրբեջանցի գործարարները, առանց գովազդելու, հաջողությամբ համագործակցում են այլ երկրներում, և Կովկասում հակամարտությունը դրան չի խոչընդոտում»,- նշում է փորձագետը:
«Ազգային ռազմավարության խնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովի խոսքով՝ այժմ դժվար է հասկանալ, թե ինչ մոտիվներով է առաջնորդվում Ադրբեջանի նախագահը՝ խոսելով Հայաստանի հետ համագործակցության մասին։ Չէ որ Ալիևը հանդես է գալիս հաղթողի դիրքերից։ Բայց Երևանն իսկապես գրեթե 30 տարի փակուղում է եղել. հայկական տարածքը շրջանցել են գազամուղներն ու նավթամուղերը։
«Վերջին հակամարտության ընթացքում կոչեր են հնչել հարվածներ հասցնել նման օբյեկտներին,- հիշեցնում է Կուրտովը,- բայց պետք է հասկանալ նաև հայկական կողմին. կշեռքի մյուս նժարին ազգային առաջնահերթություններն էին դրված, համագործակցության գինը կարող էր դառնալ ազգային նվաստացումը»։
Փորձագետը ընդգծում է, որ 2 պատերազմների հետևանքները հնարավոր չէ այդքան հեշտությամբ հաղթահարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր