ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայերը դեռ չեն գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել․ #ВЗГЛЯД
19:55, 02.12.2020 | mamul.am
17710 | 0

Ռուս ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովը վերլուծել է ղարաբաղյան պատերազմն ու դրա հետևանքները․ հոդվածը հրապարակվել է «Взгляд» պարբերականում․
«Լեռնային Ղարաբաղում ռազմական պարտությունը ողջ հայ ժողովրդի համար վերածվեց ազգային աղետի։ Դեռ երկար կվիճեն այս աղետի անխուսափելիության աստիճանի մասին, ինչպես նաև այն մասին, թե որն է դրանում առանձին քաղաքական գործիչների կամ նույնիսկ մի ամբողջ քաղաքական կուրսի մեղքի բաժինը։ Այլ հարց է, որ մեկուկես ամիս տևած պատերազմն ավարտվեց բարոյական ապոկալիպսիսով, արժեքների կորստով և հարմարավետ ու ինքնագոհ աշխարհի կործանմամբ, որտեղ քառորդ դար ապրել է հայ հասարակությունը։ Մասամբ հորինված աշխարհ, որտեղ ցանկալին իրական է, և ներկայի վերլուծությունն ու կանխատեսումները փոխարինվում են խոր հնության պատմական շահավետ հղումներով:
Հարցն այն չէ, թե որ տարածքն է կորել, իսկ ինչ կարելի էր պահել․․․ Բանն այն է, որ հայոց աշխարհն այլևս երբեք նույնը չի լինի։ Այնտեղ կրկին վերադարձել է բնական, գենետիկ վախը, պատմական հեռանկարը քանդվել է, իսկ ազգը կրկին նման է ցրված մրջնաբույնի։ «Փախստականը» ամսվա բառն է դարձել։ Հարցականի տակ է մշակութային և կրոնական ինքնությունը։
Փաշինյանի հասցեին սուլում են Էջմիածնում զոհվածների հոգեհանգստյան արարողության ժամանակ, անգամ Կաթողիկոսի ներկայությամբ, ինչն անլուրջ է։ Քահանաները Ղարաբաղի եկեղեցիներից ու վանքերից սրբապատկերներ ու գրքեր են տանում։
Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի Դադիվանք վանքից, որը հայտնվել է Ադրբեջանին հանձնվող տարածքների շարքում, վանականները հանել են զանգերը, որպեսզի դրանք տեղափոխեն Հայաստան։
Ամենօրյա տեղեկություններն այն մասին, թե քանի փախստական է վերադառնում Ղարաբաղ Հայաստանից, վերաբերում են միայն Ստեփանակերտ քաղաքին։ Հեռանալով փոխանցվող շրջաններից՝ հայ բնակչությունը հրկիզում Է սեփական տները։ Նույն Քարվաճառի շրջանում մի շարք գյուղերում դուրս են բերում նախնիների գերեզմանները և տանում Հայաստան։ Հին խորհրդային քարտեզով Չարեքթարը Քարվաճառի շրջանինն էր, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, ուստի տեղի բնակչությունը որոշել է, որ այն գրավելու են ադրբեջանական զորքերը, և այրել գյուղը։ Սակայն հետո պարզվել է, որ ինչ-որ այլ քարտեզներով Չարեքթարը ԼՂՀ Մարտունու շրջանին է պատկանում, և ադրբեջանական զորքերը պարզապես շրջանցել են այն։ Իսկ այն արդեն այրվել էր։
Իլհամ Ալիևն ասում է, որ հայ բնակչությունն Ադրբեջանում ապրելու է որպես քրիստոնյա, ստանալու է բոլոր արտոնությունները և պաշտպանվելու է օրենքով: Նախադեպեր կան։ Թեհրանում, ի դեպ, կա հայկական համայնք, որը երկրում բացառիկ արտոնություն ունի. «Հայկան տունը» միակ տեղն է, որտեղ օրինական վաճառվում է ալկոհոլ:
Իսկ իրականում հայ բնակչության զանգվածային արտագաղթը ոչ միայն հրապարակավ խրախուսվում է, այլ ոչ ոք դրան չի խոչընդոտում: Արդյունքում, ամենակարճ ժամանակահատվածում տարածաշրջանում էթնիկ և ժողովրդագրական իրավիճակը կտրուկ կփոխվի, ինչը կհանգեցնի նաև քաղաքական փոփոխությունների։ Բաքուն իզուր չի փոխել իր հռետորաբանությունը ղարաբաղյան հարցում՝ հիմա համաձայնելով միայն «մշակութային ինքնավարությանը»։ Քաղաքական իրավունքների կամ իրական ինքնավարության մասին արդեն խոսք չկա։ Հնարավոր է՝ Ալիևն ուղղակի ձախողվեց, երբ տեսակոնֆերանսի ժամանակ սկսեց Փաշինյանին նվաստացնել՝ «դե, որտե՞ղ է քո ինքնավարությունը» բացականչելով. Բայց Իլհամ Ալիևը չափազանց փորձառու մարդ է, որպեսզի ձախողվի։
Հայկական մտածելակերպն առանց այն էլ հակված է ինքնախարազանման, և հավերժական վշտի։ Այժմ հիմնականում քաղաքական կրքեր են հօդս ցնդում և անձնական հարաբերություններ են այդ ֆոնին պարզում։ Բայց որոշ ժամանակ կանցնի, և աղետի մասշտաբը՝ բարոյական, էթիկական ու պատմական, կհամակի և՛ Ստեփանակերտը, և՛ Երևանը։ Սա ոչ միայն պարտություն է պատերազմում, այլև փլուզվել է մի ամբողջ աշխարհ։ 1990-ականների սկզբին դժվար էր պատկերացնել հայկական ջոկատներից դասալքությունը։ Զենք չունեին, իսկ բարձր մոտիվացված մարդիկ շատ էին։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ․-ի հոկտեմբերին, անհավատալի է։
Հայոց ինքնագիտակցության համար իսկապես ծանր ժամանակները դեռ առջևում են։ Աղետի ըմբռնումը շուտով կհասնի բոլորին. մնում է միայն հուսալ, որ հայ հասարակությունը կկարողանա հաղթահարել այդ խնդիրը, թեև իրապես շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է նման բան վերապրել առանց հետվնասվածքային ախտանիշի, հատկապես այն ազգի դեպքում, որն արդեն շատ բանի միջով է անցել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր