ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հայկ Մարությանը ձախողել է տարին. քաղաքապետը կամ մեկուսացած էր, կամ արձակուրդում. «Ժողովուրդ»
08:35, 04.12.2020 | mamul.am
3096 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի աշխատանքային տարին, կարելի է ասել, ձախողեց: Այս տարվա ընթացքում տարբեր առիթներով քաղաքապետը կամ նրա աշխատակիցները տեղեկացրեցին, որ Մարությանը արձակուրդում է, կոնտակտ է ունեցել կորոնավարակակրի հետ, ինքնամեկուսացած է, հետո՝ էլի արձակուրդ է և այդպես շարունակ:

Բայց որպեսզի հաշիվը չկորցնենք, թե Մարությանը քանի անգամ է մեկուսացել և քանի անգամ արձակուրդի մեկնել, գնանք իրադարձությունների հետքերով:

Եւ այսպես, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս և օգոստոս ամիսներին: Այսպես, մարտ ամսին հայտարարվեց, որ Մարությանը կարճատև արձակուրդ է վերցրել և մարտի 10-ին մեկնել երկրից, մարտի 14-ին վերադարձել: Լրատվամիջոցները գրել էին, որ հունիսի սկզբին քաղաքապետը մեկուսացել է, որովհետեւ իր քարտուղարուհին կորոնավիրուսով վարակված է եղել. կասկածել է՝ գուցե վարակակիր լինի, ինքնամեկուսացել է: Քանի որ ինքնամեկուսացման շրջանը 2 շաբաթ է, ենթադրաբար քաղաքապետ Մարությանը հունիսին 2 շաբաթ աշխատանքի չի ներկայացել:

Եւ ստացվում է՝ ինքնամեկուսացումից վերադառնալուց հետո Մարությանը հուլիսին շտապել է արձակուրդ վերցնել և հուլիսի 27-31-ը ներառյալ կարճատև արձակուրդում է եղել: Դրանից 10 օր հետո՝ արդեն օգոստոսի 11-ին, Երևանի քաղաքապետը կրկին երկու շաբաթով մեկնել է արձակուրդ մինչև օգոստոսի 25-ը: Արձակուրդից վերադառնալուց հետո, երբ պետք է լիներ աշխատանքային հրապարակային նիստ, սեպտեմբերի 8-ին ավագանու նիստը Մարությանը էլի չվարեց:

Նրան փոխարինեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հայտարարելով, որ քաղաքապետը վատառողջ է: Թե դրանից հետո քանի օր է առողջացել և աշխատանքի գնացել, ինչ է արել, չգիտենք, բայց փաստ է, որ երբ պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, երկիրը գլխիվայր շուռ եկավ, հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բոլոր համայնքների ղեկավարները պետք է ջոկատներ կազմեն եւ առաջնագիծ գնան: Վարչապետի օգնության կանչից ավելի քան 2 շաբաթ հետո Հայկ Մարությանը Երևանի ջոկատ ձեւավորեց, գնաց սահմանագծին մոտ:

Համենայնդեպս, նոյեմբերի 9-ին քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ Մարությանի կազմած ջոկատն օրեր առաջ մեկնել է առաջնագիծ. թե կոնկրետ երբ, հստակ նշված չէ: Բայց նրա քաջագործությունների մասին չհասցրեցինք տեղեկանալ, քանի որ պատերազմը նոյեմբերի 9-ի գիշերը դադարեց:

Մարությանը, որ վստահաբար էկրան բարձրանալուն կարոտել է, գնաց, Արցախի նախագահի հետ լուսանկարվեց, իբրև թե կարևոր գործ է անում, և վերադարձավ Երևան:

Չգիտենք՝ քանի օր գործի գնաց, բայց նոյեմբերի 21-ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ Մարությանը կորոնավիրուսով է վարակվել և որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետը դարձյալ արձակուրդում է: Տարեկան աշխատանքային օրերի միջին թիվը 220 է, չնայած որ տարին դեռ չի ավարտվել, բայց Մարությանը տարվա գրեթե կեսը չի աշխատել, իսկ եթե աշխատել է, ապա կիսատ-պռատ»:

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր