ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Չորս ընտրություն և թեժ նիստ. ի՞նչ է սպասվում հաջորդ շաբաթ. «Ժողովուրդ»
09:05, 05.12.2020 | mamul.am
4536 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը: Խորհրդարանը երեք քվեարկություն կունենա: Նախ՝ Ազգային ժողովի պատգամավորները պետք է Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեն. միակ թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է, որն այժմ հանդիսանում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը:

Ընդ որում, խորհրդարանում նրա թեկնածությունը ներկայացնելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Վճռաբեկ դատարանի նախագահի տեղը թափուր է Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ ընտրվելուց հետո: Նկատենք՝ նա մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը առաջացրել էր մյուս գործընկերների դժգոհությունը:

Ավելին, դատական համակարգում խոսակցություններ էին տարածվել, թե նա հանդիպման էր գնացել վարչապետի հետ իր՝ դատարանի նախագահի ընտրությունն ապահովագրելու համար: Այս ընտրությունից հետո թափուր է նաև դատավորի հաստիքը, քանի որ Խունդկարյանը նաև դատավոր էր: Այսպիսով, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Բացի այս, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն տեղի կունենա, թեկնածուն էլ առաջադրված է իշխող «Իմ քայլ»-ի կողմից. թեկնածուն Դավիթ Նահապետյանն է: Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն էլ Կարեն Առուստամյանն է: Թերևս թեժ քննարկում է սպասվում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 8-ի նիստում անցկացվելու է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում, որի առարկան հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցն է:

Բացի այս հարցերից, հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկման շարունակությունն ու քվեարկությունը»:

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր