ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
ՖԻՖԱ-ի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ
12:40, 24.12.2020 | mamul.am
2704 | 0

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: Տեքստի մեջ, մասնավորապես, գրված է.

«Ցանկանում եմ ուղղել իմ անկեղծ և սրտանց ցավակցությունը նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը:

Իր կարիերայի ընթացքում Անդրեասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ ազգային հավաքականում, իսկ օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 1972թ. Օլիմպիական խաղերում: Ակումբային մակարդակում միշտ կհիշվեն նրա ելույթները Երևանի «Արարատի» կազմում, որի հետ 1973թ. նա նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և երկու անգամ (1973 և 1975) դարձել ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդրեասյանն ունեցել է նաև մարզչական երկար և հաջողակ կարիերա՝ մարզելով մի շարք ակումբներ, այդ թվում՝ Երևանի «Արարատը»:

Հայկական ֆուտբոլի լեգենդին 1971թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1982 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում, իսկ 2011 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան: Մենք չենք մոռանա և կկարոտենք նրա ժառանգությունը և նվաճումները, մասնավորապես, առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները:

Ֆուտբոլային միջազգային ընտանիքի անդամների անունից ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Արկադի Անդրեասյանի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին փոխանցել խորին ցավակցություններս:

Հուսով եմ, որ այս հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն այս դժվարին ժամանակաշրջանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր