ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ». Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է
09:40, 01.01.2021 | mamul.am
16362 | 0

Այսօր Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, մի Մարդու, ով թե՛ իր կյանքը, թե՛ մահը ծառայեցրեց հայրենիքին:

Նշենք, սական, որ, մինչև 2001թ-ը` Գարեգին Նժդեհի ծննդյան 115 ամյակի համաժողովրդական-համահայկական նշումը, նրա ծննդյան օրը համարվում էր հունվարի 1-ը, որը զուտ խորհրդանշական իմաստ ուներ: Ըստ 1916թ-ի իր ձեռքով լրացրած «Ծառայողական ցուցակ»-ի` Գ. Նժդեհը ծնվել է 1886թ-ի հուլյան տոմարով հունվարի 20-ին, որն այժմ գործող տոմարով փետրվարի 2-ն է: Սակայն մինչ օրս Նժդեհի ծնունդը սովորության թե զուտ խորհրդանշականության առումով հայերը հիշատակում են հենց հունվարի 1-ը:

Գարեգին Նժդեհը

Նժդեհի վաղ կյանքը

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր) և մնացել մոր՝ Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր:

Նժդեհի մայրը

Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թվականին մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ:

Զինվորական գործունեություն

1907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։

1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է: Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին (քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար) և 1913 թվականին զորացրվել է:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար:

1917 թվականին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով զորավար Դրոյի օգնականը, 1918 թվականի գարնանը վարել է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն է ստեղծել նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր (Ղարաքիլիսա)։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով՝ հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո,1918 թվականի վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժել է այն, և, փոխարենը, սրբել ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացել և գործի է դրել Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Անհավասար մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա լքել է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո միայն, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցել է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռացել է Բուլղարիա։

Գարեգին Նժդեհը

Ձերբակալություն և մահ

Նժդեհն իր մասնակցությունն է բերել 1942 թվականի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թվականի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան, «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։

1944 թվականի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտել են Բուլղարիա։
«Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին...». Նժդեհ, 1944 թվականի սեպտեմբեր, ձերբակալությունից քիչ առաջ

Կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թվականի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվել է։ Նրան տեղափոխել են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկել Լյուբյանկա բանտում։ 1946 թվականի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկել են Երևան, ուր դատաքննությունը ավարտվել է 1948 թվականին. Նժդեհը դատապարտվել է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թվականից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։

Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվել է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։

1947 թվականին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկել է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադարձել է այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրել էր խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվել է։

1948-1952 թվականներին Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամռանը՝ Երևանի բանտում։ Նժդեհին երկրորդ անգամ Երևան բերելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված է եղել նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունեցել Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրել Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չեն համարել նամակն ուղարկելը և այն մնացել է որպես միայն փաստաթուղթ։

Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխել են Վլադիմիր, ուր և նա մահացել է 1955 թվականիի դեկտեմբերի 21-ին։

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնել է Վլադիմիր։ Նրան են հանձնել եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվել նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարել է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տվել ու տախտակի վրա պատվիրել է ռուսերենով գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։

Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թվականի մարտի 30-ին, Նժդեհն անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվել է, որի կարիքը երբեք էլ չի զգացել։

Գարեգին Նժդեհի մտքերից

***
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

***

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

***

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

***

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

***
Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

***

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

***

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

***

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

***

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը – վերադաստիարակությունն է:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

***

Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:

***

Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ:

***

Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:

***

Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր