Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագից հետո. «Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ (6 հունվարի, 2021թ.) Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ Սիրելի՛ հավատավոր զավակներ, Մեր ի հայրենիս և ի սփյուռս, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար մարդկանց հոգիները։ «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»,- գրում է Ավետարանիչը։ Աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման՝ սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Շարական Սուրբ Ծննդյան)։ Աստվածորդին եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը: Փրկչի Ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգևոր նորոգության, հոգևոր զորության արշալույսը: Սիրելինե՛ր, Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից։ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Իսկ Ավետարանը վկայում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)։ Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները։ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգենորոգ օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած՝ ընթանանք դեպի մեր իղձերի իրականացումը և մեր արդար իրավունքների հաղթանակով պսակումը։ Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի, հավետ պայծառ լինի մեր սուրբ եկեղեցին հոգևոր դասի արդյունավոր ծառայությամբ ու հավատացելոց նվիրյալ ընթացքով, և հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ Փրկչի սիրով ու պարգևած հույսով: Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, Իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, և շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն: |