ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերի գծով տեղակալը Ռուսաստանի կատաղի հակառակորդներից է». Հայկ Մարտիրոսյան
19:55, 19.01.2021 | mamul.am
2955 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ջո Բայդենն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորիա Նյուլանդի թեկնածությունը:
Նյուլանդին ամերիկյան ժողովուրդը չի ճանաչում: Փոխարենը շատ լավ ճանաչում են Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները:
Դեմոկրատների հետ երբևէ աշխատած եզակի նեոկոնսերվատորներից Նյուլանդն ամենահայտնին է: Նա Ուկրաինայի վերջին հեղափոխության ամենաականավոր դեմքերից է: Հանդիսանում է Ռուսաստանի կատաղի հակառակորդներից: 2020թ. հուլիսին իր հրապարակած մի հոդվածում Նյուլանդը կարծիք էր հայտնել, որ ըստ իրեն` «Ռուսաստանն այսօր առավել վտանգավոր է, քան ԽՍՀՄ տարիներին»:
Նյուլանդի արտաքին քաղաքական մոտեցման առանցքը Ռուսաստանի դեմ պայքարն է: Ամենուր և հատկապես Ռուսաստանի ազդեցության գոտիներում:
Նյուլանդը նաև այն տեսության ջատագովն է, համաձայն որի, Ռուսաստանն անվերջ ծավալման ճանապարհ է բռնել և պետք է կասեցվի:
Եթե նախքան անցյալ տարեվերջ այդ թեզը խարսխվում էր միայն սիրիական և ուկրաինական օրինակների վրա, ապա Հայաստանի մասնակի կորուստն անշուշտ Նյուլանդին և նրա թիմին առավել մեծ վստահություն է ներշնչել այդ համոզմունքի ճշմարտացիության մեջ:
Պետքարտուղարության երրորդ դեմքը, եթե, իհարկե, Կոնգրեսը հաստատի նրան այդ պաշտոնում, անպայմանորեն լուրջ պայքար է սկսելու Ռուսաստանի դեմ և այդ ուղեծրից Արցախից մնացած հատվածն ու մնացյալ Հայաստանը զերծ չեն կարողանա մնալ:
Հայաստանը պետք է մեծ զգուշություն ցուցաբերի, որպեսզի չմնա իր մի մասը թշնամուն նվիրած դաշնակցի և այդ դաշնակցին պատժել ցանկացողի մենամարտի հարվածների էպիկենտրոնում:
Ակնհայտորեն Հայաստանի հանդեպ Վաշինգթոնում նոր քաղաքականություն է որդեգրվելու: Եվ եթե սովորականի պես Երևանում Վաշինգթոնին շնորհակալություն հայտնեն, բայց տանից դուրս հրավիրեն` ամենևին բացառված չէ, որ տան ներսը տաքացնելու և դրանով կենսապահովություն բերելու փոխարեն` այդ հերթական բայց արդեն ճակատագրական մերժմամբ` հայաստանանպաստ ցանկությունները Վաշինգթոնում վերափոխվեն այդ տունն այրելու` որպես հակառակորդ երկրի դժբախտ ու դժգույն ֆորպոստ, որ օգնության կարիք չունի և նախընտրում է որպես հեծելազորի ձիանոց ծառայել իր ավատատիրոջը, քան նոր բարեկամ գտնել և փորձել փրկվել վերահաս անխուսափելի կործանումից:
Նյուլանդի պես եվրասիական տարածաշրջանի մասնագետ «բազեի» առաջադրումը լուրջ քայլ է Բայդենի կողմից և դրա հնարավոր հետևանքներն անտեսել չի կարելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր