Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում լրացուցիչ 2․572 նոր բնակավայր հիմնելու նախաձեռնությունը, գրում է Ermenihaber-ը: Նշենք, որ Իսրայելի՝ նախօրեին հայտարարած մրցույթով նախատեսվում է 2․112 բնակավայր կառուցել Արևմտյան ափում և ևս 460 բնակավայր՝ Արևելյան Երուսաղեմում։ Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելն արգելում է Պաղեստինյան պետության ստեղծումը և այդ երկրում յուրաքանչյուր նախընտրական շրջանում վերոհիշյալ նախաձեռնությունների ու նմանատիպ միջոցառումների ընդլայնումը, որն ուղղված է՝ փոխելու Երուսաղեմի կարգավիճակը, վկայում է «Իսրայելի վտանգավոր պատեհապաշտական մտածելակերպի» մասին։ Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել՝ ապահովելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների և տարածքների պաշտպանությունը։ |