ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արցախում նոր նախարարություն կստեղծվի
11:35, 22.01.2021 | mamul.am
2537 | 0

Արցախում նախատեսում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Այս տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ներկայացմամբ՝ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել՝ ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում: Նախագծով՝ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվելու է 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»,- հայտնում են Արցախի Ազգային ժողովից՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրինագծերը կընդգրկվեն Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր