ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Թողեք, որ հանրությունը մոռանա ձեր մասին». Նաիրի Հոխիկյան
14:15, 22.01.2021 | mamul.am
4073 | 1

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1998-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վայր դրեց նախագահի լիազորությունները, հայկական պետականությունը ծանրագույն վիճակում էր սոցիալական առումով։ Երկրից աղետալի արտագաղթ էր, հողերի և գործարանների սեփականաշնորհումը եղել էր կամայականորեն, ինչի հետևանքով փոշիացվել էր ամբողջ տնտեսական պոտենցիալը, արցախյան հակամարտությունը լուծելու համար կար արտաքին հսկայական ճնշում։

Կհիշեք, թե հայ ժողովուրդն ինչպիսի պիտակումներով էր բնութագրում այն ժամանակվա նախագահին, գլոբալ առումով չէր ընդունում նրան։

Լևոն Տեր-Պետրոսյանը հավանաբար կամ պարտադրաբար ընդունեց, որ ինքը ձախողել է և հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։

Դրանից հետո 10 տարի նա լռեց, որևէ տեղ որևէ ելույթով հանդես չեկավ, որևէ բողոքի ակցիա չարեց։ Լռեց, որ ազգը մոռանա իր արածի ու չարածի մասին։ 2008-ին մենք տեսանք, որ Տեր-Պետրոսյանի ընտրած տակտիկան ճիշտ էր՝ նա կարողացել էր հիմնականում մոռացության մատնել իր մասին հանրային տրամադրությունները։

ՀՀԿ-ն Հայաստանի իշխանության մեջ է եղել մոտ 20 տարի, որից 10 տարին՝ անմիջական կառավարմամբ։ Այդ ընթացքում Հայաստանում մեծ ծաղկում է ապրել օլիգարխիան, 2000-ականների՝ փոքր-ինչ ոտքի կանգնած տնտեսությունը կրկին ճգնաժամի մեջ է ընկել, ոտնահարվել են մարդու իրավունքները, ունեցել ենք դիվանագիտական մի շարք ձախողումներ, կեղծված ընտրություններ։

Այս իրողությունների հետևանքով հայ ժողովուրդը 2018-ին բողոքի ալիքով պահանջեց ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից։ Այդ իրողությունից օգտվեցին նաև քաղաքական փորձառություն և ընդհանրապես՝ կենսափորձ չունեցող մարդիկ՝ հանրության ընդհանուր զայրույթի ալիքի վրա գալով իշխանության։

Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀԿ-ի գլխավոր տարբերությունն այստեղ մեկն է՝ նախկին նախագահն իր մեջ ուժ և խելամտություն գտավ լռելու և հանրային վարկանիշ ձևավորելու։ ՀՀԿ-ն չի կարողանում ընդունել, որ իր յուրաքանչյուր քայլ այսօր ավելի է ամրացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ընկերս օրերս ասում էր՝ ՀՀԿ-ն բետոնապատում է ՔՊ-ի աթոռը։

ՀՀԿ-ի ինտելեկտուալ հատվածին միշտ ասել եմ, հիմա էլ եմ հորդորում՝ առնվազն 10 տարի հրաժեշտ տվեք ակտիվ քաղաքականությանը, թողեք, որ հանրությունը մոռանա ձեր մասին, այլապես ամեն անգամ, երբ բողոքի գործողություններ եք անում, մարդիկ հիշում են հաստավիզ օլիգարխներին, իրենց աստված երևակայող բազմաթիվ պաշտոնյաներին, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի ցինիկ պահվածքը, բազմաթիվ այլ տխուր բաներ և ասում այս օրերի կարևոր խոսքը՝ Նիկոլը գնա, ՀՀԿ-ն գա՞․․․ երբեք։ Սա է, թերևս, միակ պատճառը, որի շնորհիվ հանրությունը հանդուրժում է ՀՀ ներկա իշխանության գոյությունը։ Հետևաբար՝ ՀՀԿ-ն անչափ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ձեռնտո՞ւ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր