Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 525.46, EUR 626.82, RUB 7.03, GBP 726.19
+5 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Առանց ուժեղ ղեկավարի չկա արդյունք, ուղղակի չկա». Վահագն Դիլբարյան
03:05, 25.01.2021

Բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞րն է ամենակարևոր օղակը բիզնեսում

Քանի որ աշխարհի ամենահարուստ մարդն Էլոն Մասկն է, սկսեմ նրանից: Ո՞վ է Մասկը Tesla-ում, հիմնադի՞րը, իհարկե, ոչ: Մասկը Tesla-ի հիմնադիրը չէ, այլ առաջին ներդրողը, Tesla-ի հիմնադիրները Մարտին Էբերհարդն ու Մարկ Տարպենինգն են, տաղանդավոր ինժեներներ, ովքեր ձեռնոց էին նետել ավանդական ավտոմոբիլաշինությանը: Բայց նրանց պակասում են ամենակարևորը՝ գումար և բիզնեսի կառավարում: Եվ այս երկու պրոցեսներն էլ իր վրա է վերցնում Մասկը, որը ներքին «մութ» պատմությունների արդյունքում հիմնադիրների ձեռքից վերցնում է ընկերությունն ու դառնում Tesla-ի դեմքը:

Հենրի Ֆորդի ժամանակաշրջանից հետո Ford ընկերության ղեկավարումն անցնում է նրա թոռանը՝ Հենրի Ֆորդ 2-ին: Ով, իհարկե, նույն դժվարություններն է ունենում կառավարման մեջ և ընդունում է Լի Յակոկային, ով էլ ստեղծում է Ford Mustang-ն ու ընկերությունը հանում է նոր մակարդակի: Հետագայում Բիլ Ֆորդն էլ հրավիրում է Boeing-ից Ալան Մալալլին, որպեսզի վերականգնեն Ford-ի դիրքերն ու վերականգնում են բազմաթիվ նորարարությունների շնորհիվ, այն էլ 2008 թվականի ճգնաժամին:

General Motors-ի հիմնադիր Ուիլյամ Դյուրանտն զգում էր, որ էլ չի կարողանում զարգացնել բիզնեսն ու պարտվում է Ֆորդին և հրավիրում է Ալֆրեդ Սլոունին, ով առաջին անգամ մեքենաները դասակարգում է ըստ սեգմենտների՝ ցածր գնային, միջին գնային, պրեմիում դաս, որն էլ հաճախորդները սիրով գնում էին և Ֆորդը պարտվեց, որովհետև նրա մեքենաները մի տեսակ էին, այն էլ՝ սև գույնի: 1900 թվականին Սիտրոենը որոշում է Զատիկն անց կացնել քրոջ տանը, ով ամուսնացել և ապրում էր Լեհաստանում։ Ճակատագրի բերումով հենց Լեհաստանն էլ լինելու էր այն տեղը, որը փոխելու էր Սիտրոենի կյանքն ամբողջությամբ։ Զբոսնելով Գլովնո արդյունաբերական քաղաքում՝ Սիտրոենը գաղափար էր փնտրում, որպեսզի բիզնես սկսի և պատահական մի գործարան է այցելում։ Գործարանում Սիտրոենը տեսնում է, թե ինչպես են արտադրում V-աձև ատամնանիվներ, որոնք օգտագործվում էին ծանր արդյունաբերությունում և մինչ այդ երբեք նման բան չէր տեսել։ Ինժեների խորաթափանցությունն ստիպում է նրան շատ արագ գործել ու ձեռք բերել այդ ատամնանիվներն արտադրելու իրավունքը։ Սակայն գումար չկար և պարտքով վերցնում է գումարն իր քրոջ ամուսնուց, որպեսզի շուտ գնի պատենտը։ Վերադառնալով Փարիզ՝ Սիտրոենն արդեն գիտեր, թե ինչով է զբաղվելու ավարտելուց հետո։ Իր երկու դպրոցական ընկերներ՝ Անդրե Բոասի և Ժակ Հինստինի հետ Սիտրոենը գործարան է բացում։ Ատամնանիվները «շևրոն»-ի տեսքով էին ու այնքան մեծ էին, որ ստիպված գործարանի կտուրը բարձրացնում են։ Այդ «շևրոնների» հետ կապն այնքան ամուր է Citroen բրենդի հետ, որ անգամ լոգոտիպն է բաղկացած «շևրոններից»։ 1905 թվականին Սիտրոենը որոշում է գործարանը տեղափոխել Սենա գետի ափ, քանի որ գետային բեռնափոխադրումը լուծում էր էժան լոգիստիկայի հարցը։ Citroen ընկերության ատամնանիվներն այնքան որակով էին, որ շուտով պատվերներ է ստանում Բրիտանական կայսրությունից, Skoda ընկերությունից, Ռուսական կայսրությունից։ Անգամ Տիտանիկի որոշ պահեստամասեր Citroen գործարանում էեն կառուցվել։ Այնուհետև Սիտրոենին առաջարկում են ճգնաժամից դուրս հանել Mors ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը, որին համաձայնություն է տալիս և 5 անգամ մեծացնում է շրջանառությունը։ Mors-ին օգնելու ժամանակահատվածում Անդրե Սիտրոենը ծանոթանում է մի շարք մասնագետների հետ, որոնց հետագայում հրավիրում է իր ընկերություն աշխատելու։ Mors-ի գործարանն ուժեղ դպրոց էր Սիտրոենի համար, ով արդեն մոտ հազար աշխատակցի էր ղեկավարում։ Այսպես, փորձ ձեռք բերելով ու մասնագետներ ներգրավելով, Անդրե Սիտրոենն Առաջին Համաշխարհային պատերազմից հետո հիմնում է Citroen ընկերությունը:

BMW-ի հիմնադիրն է համարվում Գուստավ Օտտոն, ով ավիաշարժիչներ արտադրող էր: Սակայն Առաջին Համաշխարհային պատերազմից հետո նրան արգելում են շարժիչ արտադրել ու ընկերությունը պահելու համար գնում է Dixi գործարանը, որպեսզի մի կերպ կարողանան ապրել՝ արտադրելով մեքենաներ: Բայց Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո էլ գործարան չի լինում՝ բոլոր գործարաններն ավերված էին: Այդ ժամանակ ընկերության ղեկավարումը ձեռքից ձեռք էր անցնում ու ոչ մի արդյունք, մինչև ղեկավարումն իր ձեռքն է վերցնում Հերբերտ Քվանդտը, ով Daimler-ի բաժնետերն էր ու Daimler-ի բաժնետերերին առաջարկել էր գնել BMW-ն, զարգացնել բավարական մեքենաշինությունը, սակայն բաժնետերերը մերժում են՝ ասելով, որ եթե գնեն, փակելու են: Վերջինս դեմ էր փակելուն ու վաճառում է Daimler-ի բաժնետոմսերը, գնում է BMW-ի բաժնետոմսերը՝ մրցակցելով Mercedes-ի հետ:

Ինչո՞ւ այսքան երկար նախապատմություն գրեցի վերնագրից հետո, որպեսզի պարզ ներկայացնեմ, թե ինչքան կարևոր է մենեջմենթը, ղեկավարը, եթե չկա ղեկավար, չկա զարգացում, ինչքան էլ որ տաղանդավոր ինժեներներ լինեն: Մեզ ղեկավարների հզոր ինստիտուտ է պետք, որովհետև ինչպես կարդացիք պատմությունները, առանց ուժեղ ղեկավարի չկա արդյունք, ուղղակի չկա, անգամ հայտնի ընտանիքներն են ներգրավում ղեկավարներին, որովհետև նրանք են բիզնեսը վերցնում իրենց ուսերին ու տանում առաջ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր