ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Սկսվում է Առաջավորաց պահքը
11:35, 25.01.2021 | mamul.am
3588 | 0

Առաջավորաց պահքը սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Այս ընթացքում պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, ինչպես նաև արգելվել է Ս. Պատարագ մատուցելը: Առաջավորաց պահքը հայ ժողովրդի առաջին ազգային պահքն է, և այն հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։

Պահքի պատվիրանն էր գիտության ծառից չուտելը, ինչը, սակայն, չպահվեց և հեշտությամբ խախտվեց մարդու կողմից:

Թե ինչու է Առաջավորաց պահքը սահմանված 5-օր, Եկեղեցու հայրերը տալիս են մի քանի մեկնություններ։ Նախ, որ այդպես է սահմանել Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Երկրորդ՝ քանի որ մարդ 5 զգայարաններ ունի, որոնցով մեղանչում է, ուստի՝ այս պահեցողության շրջանը հնարավորություն է տալիս մարդուն՝ զղջալու, ապաշխարելու և Աստծուն մոտենալու:

Ուստի՝ մեր հայրերի կողմից սահմանվեց այս պահքը, որպեսզի քանի որ առաջին պահքը չպահելով՝ վտարվեցինք ու կորցրինք դրախտն ու փառքը, այս մեկը պահելով՝ դարձյալ վերադարձնենք կորուսյալը:

Ինչպես նշվում է Հովնանի մարգարեությունում, Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն անօրինությունների մեջ էին: Հովնանի քարոզչությամբ և՛ մարդիկ, և՛ անասունները, ինչպես նաև մանուկները առանց ուտելու և խմելու, երեքօրյա պահքով ապաշխարեցին և կործանումից փրկվեցին (Հովնան 3:4): Ինչպես նինվեացիները մարմնով փրկվեցին, այնպես էլ այս պահքը պահողները հոգով են փրկվում:

Նրանց համար պահքի երեք օր սահմանվեց, քանի որ շաբաթվա մյուս երկու օրերը՝ չորեքշաբթին և ուրբաթը, պահքի համար էին նախատեսված:

Այսպիսով, ամբողջ տարվա ընթացքում հինգ զգայարաններով մեր գործած հանցանքները այս հնգօրյա պահքով և Աստծո ողորմությամբ ջնջվում են:

Մեզ բոլորիս լավ հնարավորություն է տրված Առաջավորաց պահքի ընթացքում զղջալ կատարած սխալների համար, մաքրել հոգին բոլոր տեսակի չար մտքերից և զերծ մնալ վատ սովորություններից: Փորձենք գիտակցված պահեցողությամբ զորացնել հավատը և ապրել՝ Աստծո ներկայությունը վայելելով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր