Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 526.45, EUR 640.37, RUB 7.16, GBP 745.61
0 °C, -3 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երաժշտության մեջ լռությունն է ավելի հարուստ». այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
12:15, 27.01.2021

«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…»:

Տիգրան Մանսուրյան

Հունվարի 27-ը հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984) Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Մեծ երաժիշտը ծնվել է Բեյրութում՝ 1939 թվականին: Այնուհետև, 1948 թվին ընտանիքով եկել են Հայաստան՝ Արթիկի շրջան: Արթիկի բանվորական ակումբում 13-ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը, նրան մեկընդմիշտ կապում է երաժշտության հետ:

Նրա ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969թ., «Սգավոր ձյունը», 1978թ., «Կտոր մը երկինք», 1980թ., «Հին օրերի երգը», 1982թ., «Կորիոլան», 1982թ., «Մեր մանկության տանգոն», 1984թ., «Ճերմակ անուրջներ», 1984թ. և այլն:

«Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»,- Տիգրան Մանսուրյանի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը:

Հեքիաթներին Մանսուրյանը չի հավատում, թեև գիտի` «չարը ամեն օր կա և, բարին ամեն օր է հաղթում»: Իսկ եթե ոսկե ձկնիկ բռներ, մաեստրոն նրանից միայն մի բան կխնդրեր` որ մեր երկիրն ու ժողովուրդը կատարյալ ապահով լինեին, մարդիկ` բարի, չարություն և պահանջներ չունենային միմյանց նկատմամբ: Ընկերության մեջ կոմպոզիտորն ամենից շատ գնահատում է անկեղծությունն ու պարզությունը, մարդկային հատկանիշներից` խոնարհությունը: Նրա համոզմամբ` «պատվանդանը» չպետք է փչացնի մարդկային հարաբերությունները, «որքան էլ մարդ բարձրանա, պետք է համեստ ու խոնարհ մնա: Հաճախ, երբ մարդը պատվանդանի վրա է, թվում է` այլևս հնարավոր չէ շփվել նրա հետ»:

«Երաժշտության մեջ լռությունն է ավելի հարուստ». այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր