ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը
14:40, 27.01.2021 | mamul.am
4919 | 0

ՀՀ ԱԳՆ-ը հրապարակել է Արա Այվազյանի խոսքն Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից. «Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Իհարկե, առանձնազրույցի ժամանակ մենք արդեն իսկ հանգամանալից անդրադարձանք երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերին: Այժմ մեր քննարկումները կշարունակենք նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը:

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է, և, բնականաբար, մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը:

Անշուշտ մեր քննարկումներում մեծ տեղ է հատկացվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին, և դրանց շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ենք նաև օրվա ընթացքում:

Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:

Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում»:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր