ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել
18:35, 27.01.2021 | mamul.am
4454 | 2

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել. «Հունվարի 26-ին տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։
Քննարկվել են շարժման անցնող շրջանի գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը: Քննարկվել են փետրվարի 18-ին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական հարցերը։
Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին՝ խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հայտարարությամբ վերահաստատել իր դիրքորոշումն ու մոտեցումները, որը ներկայացվում է ստորև.
ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋԱՐԿ
Համայն հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների, իսկ մեր պետականությունը՝ գոյաբանական սպառնալիքի դեմ հանդիման։ Ակնհայտ է, որ բոլոր առումներով ձախողումներ արձանագրած և երկիրը կործանման եզրին հասցրած իշխանության հետ հույս կապել չի կարելի։ Հնարավորինս սեղմ ժամկետներում իշխանության փոփոխությունը և ժողովրդի կողմից նոր որակի իշխանության ձևավորումը հնարավոր է միայն ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով։
Միանշանակ է, որ քաղաքական և իրավական պատասխանատվությունից խուսափելու՝ օրվա իշխանությունների միակ ճանապարհը ընտրությունները կեղծելու միջոցով վերարտադրվելու հույսն է։ Միանշանակ է նաև, որ պետական համակարգի կազմաքանդման գործընթացի կանխման, առկա բարոյահոգեբանական ճգնաժամի հաղթահարման, հետպատերազմյան վտանգավոր զարգացումները չեզոքացնելու մարտահրավերներն անհրաժեշտաբար ենթադրում են բեկումնային և անհապաղ փոփոխություններ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։
Ելնելով վերոնշյալ հաստատումներից՝ «Հայրենիքի փրկության շարժում»-ը անհրաժեշտ է համարում.
1. Հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով հասնել պարտության խորհրդանիշ Ն. Փաշինյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից:
2. Ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի առաջնահերթ խնդիրները պետք է լինեն.
ա) կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրները,
բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Երկիրը ճգնաժամից դուրս բերելու և վստահելի ընտրությունների անցկացումը երաշխավորելու առումով սկզբունքային նշանակություն ունի այն, որ անցումային կառավարության վարչապետի թեկնածուն ունենա կառավարման անհրաժեշտ փորձառություն և չառաջադրի իր թեկնածությունը ընտրություններին:
Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով։
«Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջարկում է բոլոր դերակատար քաղաքական ուժերին վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր