ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իրանի ուշագրավ ուղերձները Հայաստանին». Արմեն Պետրոսյան
02:10, 28.01.2021 | mamul.am
5976 | 0

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի ուշագրավ ուղերձները Հայաստանին
Իրանի ԱԳ նախարար Մ.Ջ. Զարիֆն այսօր Երևանում ոսկերչական նրբությամբ ընտրված բառապաշարով մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց։ Դրանցից, օրինակ՝ «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ», «Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն է, և այդ մասին նախկինում ևս հայտարարվել է», բավականաչափ կարևոր են և հավելյալ վերլուծության անհրաժեշտություն ունեն։
Մակերեսային մոտեցման դեպքում կամ ձևական հարթությունում իրանական կողմի այս ուղերձները կարելի է դիտարկել նաև՝ որպես Բաքվում հնչած ոգևորիչ և հաղթանակի շնորհավորական հայտարարությունները հավասարակշռելու ձգտում։ Բայց այդպես չէ։
Զուտ բովանդակային առումով վերոնշյալը կարելի է գնահատել որպես Իրանի կողմից ընդհանուր անվտանգային օրակարգի ձևավորման հիմնավոր առաջարկ, որի մասին հայաստանյան փորձագիտական դաշտում տևական ժամանակ է՝ խոսվում է։
Եվ սա, բովանդակային առումով, նոր իրողություն է։
Առաջին հրադադարից հետո՝ արցախյան հակամարտության և պատերազմի ընթացքում, ճանաչելով «սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու» Ադրբեջանի իրավունքը, այնուամենայնիվ, համենայն դեպս երևացող մակարդակում, Իրանն այդպես էլ խոսքային մակարդակից չանցավ գործնականի... և մի պարզ պատճառով, որովհետև երբևէ խնդիրը որպես «կարմիր գիծ» չէր որակել։ Համենայն դեպս, ինքս նման հայտարարությունների երբևէ չեմ հանդիպել։
Բայց մի կարևոր նրբություն էլ՝ համատեղ անվտանգային օրակարգը ներկայում Հայաստանի համար հույժ կարևոր է, բայց չպետք է միայն դրանով սահմանափակվել։ Պատերազմում պարտությունից հետո Իրանը, որպես տարածաշրջանում դիրքերը զիջած տարածաշրջանային տերություն, «Ադրբեջանից ստանալու» և «Հայաստանին տալու» խնդիր ունի՝ առնվազն նախկին հնարավորությունները վերականգնելու նպատակով։
Ադրբեջանից ստանում է համատեղ տնտեսական ծրագրեր, Հայաստանին առաջարկում անվտանգային օրակարգ։ Իսկ նման պայմաններում Հայաստանը պետք է հնարավորինս նախաձեռնողական և ստեղծագործ լինի՝ իր կողմից առաջ քաշելով նոր տնտեսական երկկողմ օրակարգ, իսկ հնարավոր բազմակողմերում միասին աշխատելու պատրաստակամություն։
Մի կարևոր նրբություն էլ՝ ամենայն հավանականությամբ արդեն կես տարուց Իրանում կձևավորվի պահպանողականների կառավարություն, որն ավելի զգայուն է անվտանգային խնդիրների հանդեպ։ Իսկ նրանց քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին, անշուշտ, բավականաչափ իրատեսական հեռանկար ունեն հնարավոր տնտեսական նախագծերը, քանի որ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները հավասարակշռելու մասին քննարկումները բավականաչափ ակտիվացել են Իրանի ներսում նույնպես»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր