ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պատժել բոլոր մեղավորներին՝ ամենքին իր մեղքով». Լևոն Բարսեղյան
17:00, 28.01.2021 | mamul.am
3890 | 0

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջինի դավանանքը

Օրը տոն է, բայց տոնական չէ, շնորհակալություն բանակին ու զորքին իր արիության և հերոսության համար:

Հասկանալ սխալները, բոլորի սխալները, այսօրվա, երեկվա, 100 տարեկան և 1000 տարեկան սխալները: Պատժել բոլոր մեղավորներին՝ ամենքին իր մեղքով:

Նորովի նայել Հայաստանին ու աշխարհին, դուրս գալ այն արատավոր պտտօղակից, որտեղ սկյուռի պես վազել ենք ավելի շատ ուրիշների համար, քան մեզ:

Հասկանալ, թե ով է Հայաստանի հետ կապում գալիքը, իսկ ում է պետք Հայաստանը որպես հյուրատուն-զբոսավայր: Հասկանալ՝ ինչ ունենք և ինչ չունենք, ինչով ենք զորավոր և ինչով ենք խեղճ:

Այն, որ այս ծանր օրերը եկան, ապացույց է վերոհիշյալ հարցերն անտեսած լինելուն կամ վատ ուսանողի պես անտեսած լինելուն, թե բախտներս կբերի ու էդ տոմսը չենք քաշելու: Լավ ուսանողը բան բաց չի թողնում, սովորում է: Չգիտեմ՝ ով ինչպես, ես այլ տեղ չունեմ գնալու, ես այլ սարեր չունեմ: Եվ ամենածանր պահին անգամ, գերեզման մտնելու ու ողբ կապելու փոխարեն պարտավոր եմ եղածին տեր լինել, ինչ էլ, որ դուք տեր չեղաք, էլի իմն է: Ոչ մի նահանջողի կամ ողբասացի մեղադրելու իրավունք չունեմ, բայց էդ ողբի կոդը կտրեք ձեզնից, մեզնից, հատկապես երեխաներից ու ջահելներից, վառեք ու ցրիվ տվեք մոխիրը, պրծնենք էդ անեծքից:

Ինձ ու շատերին մնում է կանգնել վերջինի պես, առանց վերամբարձության և առանց չափազանցության, եթե գիտեք որ Հայաստանն ապագա չունի, կործանվել պրծել է, էլ մի ասեք, լսել ենք, ձեր գլխի ճարը տեսեք:

Շիրակի պանթեոնում մի անծանոթ երիտասարդ տեսա, եղբոր նկարը գրկած, միայնակ կանգնած լալիս էր, բարևեցինք ու լաց եղանք իրար հետ: Ոչ մի մեռելի վրա լացած չկայի իմ 54 տարում: Սա ամբարտավան ինքնավստահության, հանցագործ իշխանավորին հանդուրժելու, լաստանավի հույսով ապրելու, տգիտության, բճական մտածողության ու չսիրո հատուցումն է: Երբ ասում էինք՝ զինվորին գեներալի խոզապահ մի սարքեք, ասում են՝ բանակն են խայտառակում սրանք, երբ ասում էինք՝ «խաղաղության պայմաններում» բանակի զոհերի 75-80 տոկոսը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապ չունեն, ասում էին՝ «սրանք հայրենիք չունեն..., շպիոն են.., գրանտ են անում...», երբ ասում էինք՝ քվեն կաշառքով առնողը բոլորիս ճակատագիրն է գողանում, ասում էին՝ «պաշտո՞ն եք ուզում ...»: Ամեն ինչ գին ունի, հիմա բոլորն հասկացան: Հուսանք՝ բոլորը:

Մեզ, բացի վերի հարցերի պատասխաններն արժանապատվությամբ ու ազնվությամբ գտնելը մի քանի բան է հարկավոր, որ տեղ ունենանք ապագայում ու քարտեզների վրա:

Կեղծիքներից ձերբազատում, կրթություն բարձրագույն որակ, արդարություն և հավասարություն օրենքների և միմյանց առաջ, ազատություն ու հարգանք մարդու հանդեպ: Թվում է, թե շատ ստանդարտ բաներ են: Հենց պարադոքսն էլ այն է, որ էս հասարակ բաները չունենք մինչև հիմա, երբ ամեն երկրորդը մեր ժողովրդին աշխարհի աղն է համարում: Մտապահել ու միշտ հիշել է պետք, որ մենք աշխարհից կտրված չենք, որ ամենքն իր շահն ունի, որ շահերի տեսությունը ֆիզիկայի դաշտերի տեսությունից սկզբունքորեն չտարբերվող մի աշխարհ է, որ ամենքը ամենքի վրա շահ են որոնել ու որոնելու են քանի կա մարդկությունը, որ այստեղ ոտի տեղ են փորձելու բացել ու պահել բոլոր նրանք, ով հնար կունենա, ու, դու մի ասա, սա մեր տեղն է, ու տալու տեղ չունենք, ... որ մարդ են բերելու հորարև երդումներով, որ պատմելու են, թե մեզնից շատ են սիրում մեզ, մեզնից շատ են հարգում մեզ, որ մեզ անեն էն բանից, ինչ արել են շատ երկար ժամանակ ու անում են դեռ: Բա մեր քարտեզներն ինչո՞ւ են նիհարում, լաո:

Իջեք վերջապես, Տիգրան Մեծի քարտեզի վրայից, իջեք Մասիս սարի գագաթից, Մհերի դռնից, իջեք «մեզնից լավը չկա պոռոտախոս» դատարկաբանությունից, իջեք անօթևանների տները, իջեք գերեզմանոցներ, արդեն ոչ թե լացելու, այլ առաջ գնալու համար, այդտեղից է սկսվում իսկական ճանապարհը, թունդ ապտակեք ինքներդ ձեզ, որ առաջ գնանք, թե չէ մնալու եք, չապրելու ու ծերանալու եք որպես կյանքից անտեղյակ ճամփորդներ: Ես էլ թող ձեր վերջինը լինեմ, որ միշտ ուզում է վերջինը լինել: Այդպես պիտի երկար ճամփա անցնենք ու ոչ ոք չի համարձակվելու թարս նայել մեզ, երբ սոված ու տնանկ չենք ունենա, երբ հանցագործները կլինեն իրենց տեղերում, իսկ արդարները՝ իրենց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր