ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
ՄԱԿ-ը հրապարակել է ԼՂ հակամարտությունից տուժածներին աջակցման ծրագրի առցանց տարբերակը
19:55, 28.01.2021 | mamul.am
3277 | 0

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և դոնոր համայնքին:

Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից, արձագանքման ծրագիրը, որը լրացնում է ՀՀ կաառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում է որպես համակարգման և պաշտպանության գործիք: Այն նախանշում է մարդասիրական աջակցության առաջնահերթությունները, մինչ օրս իրականացված ծրագրերը, ինչպես նաև՝ նոր միջոցների հավաքագրման կոչ է անում, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ապաստանած շուրջ 90,000 մարդկանց և նրանց հյուրընկալած համայնքների կարիքները հոգալու համար: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62,6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն; կրթություն; ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում; առողջապահություն և վաղ վերականգնում):
«Հակամարտության առաջին իսկ օրվանից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր գործընկերների հետ միասին, ջանասիրաբար աշխատել է՝ հոգալու համար իրենց տները հարկադրված լքած անձանց առաջնային կարիքները, և այս Ծրագիրը ներկայացնում է էլ ավելի մեծ աջակցության և համերաշխության կարևոր նոր հնարավորություն՝ բարելավելով մարդասիրական դոնորների ներգրավումը», - նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ Միջգործակալական արձագանքման ծրագրի ներկայացմանը:

Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ գործընկեր նախարարությունները, բարձր են գնահատել ճգնաժամի արձագանքման շուրջ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և ՀԿ-ների հետ համագործակցությունը և կարևորել Արձագանքման ծրագրի դերը՝ գործընկերության հետագա ընդլայնման հարցում:

«Չնայած որ հակամարտությունն ավարտվել է, Հայաստանում փախստականների կարգավիճակում գտնվող մարդիկ հրատապ մարդասիրական աջակցության կարիք ունեն, ինչն էլ ավելի է սրվել ձմռան հետևանքով: Ծրագիրը Կառավարությանը աջակցելու մեր համատեղ ջանքն է՝ այս մարդկանց թե անմիջապես, թե միջնաժամկետ կտրվածքով աջակցելու նպատակով: Ծրագիրը նաև հաշվի է առնում հյուրընկալած համայնքները, որոնք սրտաբաց ընդունել են ժամանածներին», - ավելացրել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը:

Մարդասիրական աջակցության և զարգացմանն ուղղված ծրագրերի միջև արդյունավետ կապը ապահովելու համար՝ Արձագանքման ծրագիրը մշակվել է COVID-19 սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակին համահունչ, որը կներկայացնի Հայաստանի հետ ՄԱԿ-ի համագործակցության առաջնահերթությունները 2021 - 2025 թվականներին:
Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մարդասիրական և զարգացման գործընկերների կողմից արդեն իսկ տրամադրված աջակցությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել հակամարտության հենց սկզբից տեղահանված մարդկանց մի շարք կարևոր կարիքները հոգալու համար: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել 11,500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու:

Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

Վերսկսված հակամարտության հենց սկզբից ՄԱԿ-ի կողմից տրամադրված աջակցության մասին տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ:

ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկերների մարդասիրական արձագանքի վերաբերյալ մանրամասն և անընդհատ թարմացվող տեղեկատվություն կարելի է ստանալ Հայաստանի արձագանքման հարթակից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր