ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Չփորձե՛ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը». Էդմոն Մարուքյան
13:25, 23.02.2021 | mamul.am
3580 | 1

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և հանդիպել այդ օրակարգով, Հայաստանի ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներն անխտիր հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրակարգով և նրա կողմից կազմակերպելով անընդունելի են: Անգամ հայհոյախառն հայտարարություններ եղան քաղաղաքական ուժերի, քաղաքագետների, փորձագետների, ԶԼՄ-ների շուրթերով` բոլոր այն ուժերին ուղղված, որոնք հանկարծ կհամաձայնեն այդ օրակարգին կամ որևէ կերպ կքննարկեն այդ օրակարգը վարչապետի հետ:

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարներն ԱԺ-ում հանդիպեցին Փաշինյանին և նրան տեղեկացրեցին, որ ընդդիմության պահանջը ոչ թե արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ վարչապետի հրաժարականը:

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը կտեղափոխվի քննարկման հունիսին:

Այս հայտարարությունից հետո` հիմա էլ տարատեսակ փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական ուժեր սկսել են մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, թե իբր այդ դուք եք այս խորհրդարանը պահում, այդ պատճառով չի ցրվում ԱԺ-ն, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների: Հիմա ինչ եմ ուզում ասել.

Հարգելի՛ քաղաքական ուժեր, փորձագետներ և քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությո՞ւն, թե՞ հրաժարական, թե՞ հրաժարական ու հետո արտահերթ ընտրություն:

Նախ ինքներդ որոշեք` ինչ եք ուզում, նոր հետո, որ կձևակերպեք ձեր պահանջը, նորից կխոսենք, ու հանկարծ չփորձե՛ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը:

Այս պահին խորհրդարանը միակ լեգիտիմ մարմինն է, խորհրդարանական ընդդիմությունն առավել ևս լեգիտիմ է, և ցանկացած արշավ ընդդեմ խորհրդրարանական ընդդիմության ի սկզբանե ձախողված է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր