ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պարզվում է, մեր զենքը վատն է. բոլորը մեղավոր են, բացի իրենից»․ Սոլովյով
20:05, 24.02.2021 | mamul.am
8460 | 2

Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի հարցազրույցի ժամանակ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգի անգործունակության մասին հայտարարությունը շարունակվում է քննարկվել ռուսական մամուլում։
Փաշինյանը հաստատել էր, որ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կիրառվել է ու հայտարարել, թե «կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10%-ով»:

«Պարզվում է, մեր զենքը վատն է։ Լսեցի քաղաքացի Փաշինյանին։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդը, ով անձամբ է մեղավոր հայ ազգի սարսափելի դժբախտության մեջ, ասում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ երկրի ղեկավարից, գերագույն գլխավոր հրամանատարից։ Թող 2 տարում գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս»,- «Соловьёв LIVE»-ի եթերում ասել է լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

Նրա զրուցակից Սեմյոն Բաղդասարովն էլ հավելել է, որ Փաշինյանի՝ զենքերի մասին գիտելիքը բավականին պարզունակ է։ Բաղդասարովի խոսքով՝ դրանք Փաշինյանի հայտարարությունները չեն, «նրան ասում են ինչ ասել, նա էլ ասում է»։

«Փաշինյանն օտար պետության գործակալ է։ Թե ինչ է անում մեծությամբ 2-րդ ԱՄՆ-ի դեսպանությունը փոքր Հայաստանում, շատերն անտեսում էին»,- ասել է Բաղդասարովը և հավելել, թե Հայաստանը ԱՄՆ-ի համար միջոց էր Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար, իսկ Հայաստանը մնացել էր այն երկիրը, որտեղ Ռուսաստանն ուներ իր դիրքերն ու կարող էր ասել, որ այն դաշնակից երկիր է։ Բաղդասարովի խոսքերով, մյուս տեղերում վաղուց արդեն արևմտյան կամ թուրքական մոտեցումներն են։
Բաղդասարովն ասում է, որ Հայաստանում գործում է նաև Բրիտանիայի մեծ դեսպանությունը, որը մշտապես կապված է Թուրքիայի հետ ու նրանց խնդիրն է Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից, Հայաստանից։
«Եթե դա տեղի ունենա, այն աշխարհաքաղաքական աղետ կլինի Ռուսաստանի Դաշնության համար։ Այնքան ապացույցներ կան, որ նա (Փաշինյանը) ծախել է Ղարաբաղը, իսկ հիմա ամեն կերպ կառչում է իշխանությունից, այդ թվում հակառուսական հայտարարություններով»,- ասել է Բաղդասարովը։
Սոլովյովը նշել է, թե տպավորություն է, որ Հայաստանը՝ ոչ ժողովուրդը, հաշտվել է այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում։
Բաղդասարովը հավելել է, որ Փաշինյանը դեռ իր գործը չի ավարտել ու նրա «տերերը» նրանից պահանջում են մնալ, քանի որ գիտեն՝ Փաշինյանի գնալուց հետո կգա պրոռուսական ղեկավար ու կստացվի, որ իրենք զուր պայքարեցին։
«Եթե մենք ցանկանում ենք մնալ Հարավային Կովկասում, մենք պետք է մեծացնենք մեր ազդեցությունը Հայաստանում»,- ասել է Բաղդասարովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր