Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նամակով դիմել է ՀՀ նախագահին։ Նախագահին հասցեգրված նամակում Ա․ Բաբաջանյանը մասնավորապես նշել է․ «Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին: Քաղաքական քննարկումները պետք է ծավալվեն երկու հիմնարար սկզբունքների շուրջ՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ուժի և բռնության սպառնալիքի բացառում, և ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու վերաբերյալ համաձայնության մասին առաջադրված հուշագրի ստորագրում: Հանուն ՀՀ-ի, ձեր կողմից այդպիսի հանձնառությունը մեծապես կողջունի Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայության կողմից»: |