ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել
13:10, 27.02.2021 | mamul.am
4061 | 0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը

Փետրվարի վերջին օրերին լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության՝ սումգայիթյան ցեղասպանության 33-րդ տարին:
Այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության նկատմամբ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:
Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին, որոնց թիրախում այդ քաղաքը կառուցած ազգությամբ հայ բնակիչներն էին: Այդ ամենին ուղեկցում էր անասելի դաժանությունն ու բռնությունը, թալանն ու կողոպուտը:
Ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա սկիզբ առած բռնարարքները համարժեք գնահատական չստացան Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության և միջազգային համապատասխան կառույցների կողմից, որի պատճառով ջարդերն ու բռնի տեղահանումները դարձան գործելաոճ Ադրբեջանի վարչախմբի համար, և հետագա ամիսներին նոր արհավիրքի զոհ դարձավ Բաքվի, Գանձակի, Կուրի ձախափնյակի բնակչությունը: Շուրջ կես միլիոն հայություն Ադրբեջանից բռնատեղահանվեց, իսկ Հյուսիսային Արցախի բնիկ հայությունը զրկվեց հայրենիքից:
Սումգայիթյան եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988թ փետրվարին արցախահայության՝ իր ազատության և ինքնորոշման համար սկսած պայքարին:
ԼՂԻՄ խաղաղ բնակչությունը նույնպես հայտնվեց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի թիրախում: Այն առավել անմարդկայնորեն դրսևորվեց 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի ժամանակ:
Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան եղեռնագործության և Ադրբեջանի ագրեսիայի զոհ դարձած հազարավոր մեր հայրենակիցների հիշատակին, դատապարտելով խտրականության, անհանդուրժողոկանության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները՝

կոչ են անում միջազգային հանրությանը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող երկրներին ու կազմակերպություններին՝ ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:


«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
Արցախի «Արդարություն» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր