Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին եկավ իր ընտանիքի անդամների և գործընկերների ուղեկցությամբ: «Մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու անհանգստանալու պատճառներ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք գարնան այս առաջին օրն իրար լիցքավորենք էներգիայով, դուխով, հաղթանակով, լավատեսությամբ»,- հանրահավաքի սկզբին հայտարարեց նա: Փաշինյանը հայտնեց, որ հասել են մի կետի, որ արդեն սպառում են սխալվելու իրենց հնարավորությունները. «Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին 2 տարի, 10 ամսում մենք նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է: Խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր թիմի սխալվելու հիմնական պատճառներից մեկն այն է եղել, որ իրենք սիրված են եղել հասարակության կողմից: |