ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ինչի՞ առիթով էին ծափահարում, իրենց առաջնորդի լկտիության հաղթարշա՞վն էին տոնում». Կարպիս Փաշոյան
01:45, 02.03.2021 | mamul.am
5232 | 1

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ խրամատում քաղաքական բանավեճերը անպակաս էին։ Ինձ հանդիպած զինվորների ճնշող մեծամասնությունը որպես կանոն հայհոյում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ ես փորձում էի պաշտպանել։ Չէի արդարացնում, քանի որ գիտակցում էի նրա մեղավորությունը պատերազմի բռնկման գործում, պարզապես պաշտպանում էի՝ կարծելով, թե պատերազմի ժամանակ նա մեր բոլորիս հրամանատարն է (Պատերազմից մեկ ամիս առաջ Հրապարակ թերթում գրել էի, որ Փաշինյանը մեզ առաջնորդում է պատերազմի)։
Բայց Ջաբրայիլի և Ֆիզիլու անկումից հետո մեջս տագնապ ընկավ, քաղաքական վերլուծությունները հանգեցրեցին այն եզրակացությանը, որ վերջ, այս իշխանությունը տապալված է, нам всем хана. Վերլուծության հիմքում հետևյալ հիմնավորումներն էին․ մեր զորքերը ջախջախվել են, ընկել շրջափակման մեջ, դիմել տարերային նահանջի, հսկայական տարածքային կորուստներ ենք արձանագրել, զինվորները ենթարկվել են զանգվածային կոտորածի, ադրբեջանցիները ներխուժել են մեր զորամասեր և պղծել պետական խորհրդանիշները։ Վերոհիշյալ կետերը այն հիմնավոր պատճառներն էին, որոնց հիմքի վրա ես գուժում էի փաշինյանական վարչակազմի վախճանը։
Բայց արի ու տես, որ իմ վերլուծությունները ամբողջությամբ անհիմն էին ու սնանկ։ Նիկոլ Փաշինյանը մարսեց ոչ միայն Ֆիզուլին ու Ջաբրայիլը, այլ նաև Զանգելանը, Ղուբաթլուն, Հադրութը, Շուշին, Մարտունու մի հատվածը և հետագայում նաև խայտառակ կապիտուլյացիան։ Տպավորությունն այնպիսին է, թե ոչինչ տեղի չի ունեցել, մենք ընդամենը համակարգչային խաղում ենք պարտվել, հազարավոր տղաներ չեն զոհվել, գերիներ չկան, հայկական քաղաքները հենց այնպես չեն նվիրվել Ադրբեջանին և այսպես շարունակ։
Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու եմ ես սխալվել խրամատային իմ պարզունակ կանխատեսումներում։ Խնդիրն այն է, որ թե հրապարակախոսության և թե գիտության ու հասարակագիտության մեջ բարոյական իմպերատիվները ինձ համար առաջնային են եղել ու կան։ Հենց դա է պատճառը, որ ընդամենը Ֆիզուլու տանկային զորամասի գրավումը իմ կողմից դիտարկվել է քաղաքական պարտության հիմք։ Բայց ի՞նչ Ֆիզուլու զորամաս, այդ մարդիկ ամբողջ Արցախի կորուստն են մարսել ու մարսում։ Դեռ ավելին պատրաստվում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել և երկարաձգել իրենց պաշտոնավարումը։
Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե փորձում եմ հանդես գալ հրեշտակի դիրքերից ու բարոյականության դասեր եմ տալիս, պարզապես փորձում եմ ներկայացնել քաղաքական այն իդեալները, որոնց ես հավատացել եմ։ Ինձ համար է միանշանակ է․ պատերազմում ջախջախված իշխանությունը քաղաքական գոյության իրավունք չունի։
Թվարկեմ ընդամենը մի քանի փաստ, որոնք հետևողականորեն մոռացության են մատնվում։
1. Ռազմաճակատի հարավն ու Շուշին (ետ գրավելու փորձի ժամանակ) 21-րդ դարում դարձել են հայերի սպանդանոցը։
2. Հայկական քաղաքները նվիրվել են Ադրբեջանին։
3. Մենք կորցրել ենք Արցախն ու ամբողջությամբ խաթարել Հայաստանի անվտանգության համակարգը։
Եվ հիմա հարց․ ինչի՞ առիթով էին ծափահարում և ուրախանում Նիկոլ Փաշինյանի աջակիցները, իրենց առաջնորդի լկտիության հաղթարշա՞վն էին տոնում, թե․․․
Ամեն դեպքում հույս ունեմ, որ բարոյականությունը վերջնականապես չի մահացել հայ հասարակությունում։
Եվ վերջում․ պարզվեց, որ մեր հրամանատարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ՝ Սերժ Սարգսյանը, քանի որ տարրական բարոյականության բացակայության պայմաններում նրան միշտ սխալ են զեկուցում և ԳՇ-ն կատարում է պաշտոնաթող նախագահի հրամանները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր