Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան: Նշվում է, որ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Ավելի վաղ ֆրանսիական «L'Opinion» թերթը հայտնել էր, որ այսօրվա Էրդողան-Մակրոն հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ազդանշան է: Հիշեցնենք, որ Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։ Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհուրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։ |