ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. ՄԻՊ-ի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները
14:20, 03.03.2021 | mamul.am
2139 | 0

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։

Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝

• հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ՝ Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը:

Ուստի, գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցներ.

• փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների (օրինակ՝ հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա: Մինչդեռ, անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան և ֆիզիկական առողջության արձանագրված դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր և հետևողական իրականացված աշխատանքի արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր և անխոչընդոտ ապահովման համար.

• սաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորվում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.

• սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց:

Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որևէ սանի այս կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ: Արդյունքում, սաների խմբերը գործնականում ձևավորվում են հիմնականում սաների առօրյա խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոտեցմամբ, այլ ոչ յուրաքանչյուր սանի զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանց իրացմանը նպաստելու նկատառումներով: Նշված չափորոշիչների և դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է նաև հաստատության տնօրինության աշխատանքը.

• բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռք բերումը: Ուստի, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ և ինքնուրույն կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում բարձրաձայնվել է նաև չափահաս սաների, հաստատության աշխատակիցների և տնօրենի կողմից.

• որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.

• չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝ երեխայի խնամք և իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում արական և իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի ապահովում նրանց կենսակերպին և կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների տարիքային, վարքագծային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Առավել ևս պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:

• Սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա.

• հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս խնդիրը և փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել առաջարկներ և ուղարկվել պետական իրավասու մարմնին:

Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ, պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝

• սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր (բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ), ինչը կարևոր ազդեցություն է ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից.

• սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական խնդիրները լուծվում են նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ.

• հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների, օրինակ, ստեղծագործական, արհեստագործական և այլն, ինչպես նաև մասնագիտական հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով.

• չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների սղությանը՝ սաների խնամքի և հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների և միջոցների չբավարարող քանակը ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության համագործակցության արդյունքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր