ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հորդորեց քաղաքացիներին վերադառնալ դիմակներ կրելու խիստ ռեժիմի, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճել է. «Դիմակների կրումը պահպանում է իր՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառման դերը»,- ասաց նա: Ավանեսյանի խոսքով՝ իրենք հետևում են միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվություններին: «Այժմ ցածր ցուցանիշները որոշակի հանգստություն են առաջացրել բնակչության մոտ, շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Բայց վերջին 2 շաբաթվա ընթացքում տեսնում ենք հիվանդացության աճ: Այսօր դրական թեստերը եղել են թեստավորվածների 14 տոկոսը: Ուստի, իմ խնդրանքն է, հորդորը՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ, պահպանողական ռեժիմի և փորձել կանխարգելել վիրուսի տարածումը»,- ասաց նախարարը: |