Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.34, EUR 620.92, RUB 6.86, GBP 715.03
+16 °C, +6 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի՝ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից». ԱԺԲ
22:15, 03.03.2021

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարում է. «Հայաստանը պետք է դառնա «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից»
44-օրյա պատերազմի արդյունքներով Հայաստանի շուրջ ստեղծված օրհասական պաշտպանական-անվտանգային
իրավիճակը թելադրում է օր առաջ ազատվել ռուս-թուրքական վերջին համաձայնություններով առաջացած անվտանգային վակուումից:
Այս պայմանավորված պատերազմի ամբողջ ընթացքը և, հատկապես այդ պատերազմում մեր դավադիր
«պարտությունից» հետո տեղի ունեցող գործընթացները (կամայական սահմանազատում, խաղաղ բնակչության
անակնկալ տեղահանում, հրադադարի գծի խախտմամբ բնակավայրերի հանձնում, նոր զոհեր, գերիների և զոհվածների մարմինների վերադարձման անորոշ ձգձգում, կասկածելի նոր գերեվարումներ և այլն), ինչպես նաև դրանց շուրջ տեղի ունեցող «բանակցությունները» ակնհայտ դարձրեցին Հայաստանի անվտանգային համակարգի խորքային ճգնաժամն ու հայեցակարգային սնանկությունը:
Բոլորի համար պարզ դարձավ, որ ՀԱՊԿ կոչվող «ռազմական դաշինքը», որի պատանդն է Հայաստանը, եւ Հայաստանի
«միակ ռազմավարական դաշնակից» հռչակված Ռուսաստանը՝ որպես այդ դաշինքի առանցք, մոդերատոր եւ շահառու, ոչ
մի կերպ չեն կարող, ավելին՝ չեն էլ ցանկանում, դույզն ինչ ապահովել Հայաստանի եւ նրա քաղաքացիների
անվտանգությունը։
Հայաստանի Հանրապետության անվտանգային կարգավիճակը ձեւավորող արտաքին ու ներքին գործոնները (այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի զավթողական ու ցեղասպանական նկրտումներ, ռազմավարական նվազագույն խորություն չունեցող չափազանց փոքր տարածք, անավարտ պատերազմ, կտրտված սահմաններ եւ ռազմական առումով դժվար պաշտպանելի բնագծեր, մեկուսացվածություն, խիստ փոքրաքանակ բնակչություն, թույլ տնտեսություն եւ այլն) վկայում են, որ նա չի կարող իրեն թույլ տալ առկա մարտահրավերներին միայնակ դիմագրավելու անհեռանկար եւ ծայրահեղ վտանգավոր շռայլությունը։
Ակնհայտ է, որ օրեցօր թուլացող Ռուսաստանն ու նրա շուրջ ձևավորված ածանցյալ մեռելածին կառույցները (ՀԱՊԿ,
ԵԱՏՄ, ԱՊՀ եւ այլն) չեն կարող, ուստի՝ նաեւ պետք է չլինեն Հայաստանի պաշտպանական-անվտանգային,
տնտեսական եւ քաղաքական համակարգը ձեւավորող առանցքը եւ ուղղությունը:
Հետեւաբար, օր առաջ անհրաժեշտ է գտնել իրական դաշնակիցներ եւ կառուցել միանգամայն նոր անվտանգային
ճարտարապետություն:
Անվիճելի է, որ յուրաքանչյուր պետություն, ներառյալ՝ ԱՄՆ-ի նման հզորագույն գերտերությունը, կարիք ունի
վստահելի եւ կարողունակ դաշնակիցների:
Որպես վերը նշված հանգամանքների բնական եւ տրամաբանական հետեւանք, շատերի կողմից որպես ՀԱՊԿ/ԵԱՏՄ այլընտրանք են դիտարկվում ՆԱՏՕ/ԵՄ անդամակցությունը, սակայն առնվազն կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարներում դա իրատեսական չէ այն պարզ պատճառով, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ունեն հստակ եւ անխախտ պահանջներ անդամության հայտ ներկայացնող երկրների վերաբերյալ, այն է՝ չունենալ տարածքային վեճեր եւ
տարածքային հավակնություններ, ինչը մեր պարագայում աշխատող եւ ընդունելի տարբերակ չէ՝ հաշվի առնելով
Հայկական հարցի համատեքստում Ազգերի լիգայի որոշումների, Սեւրի պայմանագրի եւ Վիսոնյան իրավարար վճռի առկախված հարցերը, այդ թվում՝ Արցախի հիմնախնդիրը:
Հետեւաբար մեզ համար իրատեսական տարբերակ է առանց ՆԱՏՕ անդամակցության Հայաստան-ԱՄՆ երկկողմ
ռազմական դաշինքը:
ԱՄՆ օրենսդրությամբ այդպիսի դաշինքը սահմանված է հատուկ կարգավիճակով՝ «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական
դաշնակից» (Major non-NATO ally of the United States) եւ չի պարունակում նման դաշնակցին ներկայացվող
որևէ պահանջ։
ԱՄՆ-ի այդպիսի դաշնակիցներ են Հվ. Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Թայլանդը,
Քուվեյթը, Բահրեյնը, Իսրայելը, Հորդանանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Թունիսը, Ֆիլիպինները, Կոստա-Ռիկան,
Արգենտինան եւ մի շարք այլ երկրներ, որոնց մեծ մասն ունեն տարածքային վեճեր կամ հավակնություններ։
Ըստ այդմ՝ նման ռազմավարական դաշինքի կնքումը Հայաստանին թույլ կտա անվտանգային երաշխիքներ ստանալ արդի աշխարհում իրապես գործող եզակի զսպիչ մեխանիզմներ ունեցող՝ աշխարհի առայժմ միակ փաստացի գերտերությունից։
Ճշգրիտ հաշվարկված ծրագրի եւ վճռական ու հետեւողական աշխատանքի շնորհիվ ԱՄՆ-ի հետ նման դաշինքի կնքումը
լիովին հավանական է, հատկապես՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ու նրա վարչակազմի նոր
քաղաքականության պարագայում:
Համոզված ենք, որ ազգային-ժողովրդավարական առողջ ուժերն ու հանրային վստահություն ունեցող անհատները պետք է ժամ առաջ արձագանքեն մեր այս նախաձեռնությանը՝ ներառելով այն իրենց օրակարգերում եւ սկսեն աշխատել ԱՄՆ
հայկական լոբբիստական կառույցների, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ քաղաքական
շրջանակների հետ։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր