ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բրիտանիայում գտնվող եկեղեցում հայտնաբեվել է Տիցիանի կորած կտավը
01:20, 04.03.2021 | mamul.am
10703 | 0

Խորհրդավոր ընթրիքի տեսարանը պատկերող կտավը, որը 110 տարի կախված է եղել Լեդբերի (Անգլիա) քաղաքի ծխական եկեղեցում, կարող է պատկանել իտալացի գեղանկարիչ Տիցիանի վրձնին: Նման եզրակացության է հանգել արվեստաբան և ռեստավրատոր Ռոնալդ Մուրը, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի տեղեկություն համաձայն՝ նա Լեդբերի է գնացել, որպեսզի վերականգնի եկեղեցում գտնվող, 19-րդ դարում նկարված՝ Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Խորհրդավոր ընթրիքի» պատճենը։ Հանկարծ հեռու անկյունում Մուրը հայտնաբերել է խունացած, բայց շատ ավելի արժեքավոր մի նկար։
«Նկարը գտնվում է մոտ 3 մետր բարձրության վրա։ Այդ պատճառով հնարավոր չէր այն տեսնել առանց աստիճանին կանգնելու»,- գտածոյի մասին պատմել է Մուրը։
Ավելի քան 3 տարի նա ուսումնասիրել է հայտնաբերված կտավը։ Արդյունքում Ռոնալդ Մուրն ապացույցներ է գտել, որ 18-րդ դարի արվեստի ստեղծագործությունն իսկապես ստեղծվել է Բարձր և Ուշ Վերածննդի դարաշրջանի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի արվեստանոցում:
Արվեստագետը նկատել է, որ առաքյալներից մեկի դեմքը, ով սեղանի ձախ կողմում է նստած ոսկեգույն հագուստով, հիշեցնում է Տիցիանի պատանեկության դիմանկարը։ Նրա տեսությունը հաստատվել է, երբ նա նկարը համեմատել է նկարչի՝ 1567 թվականի ինքնադիմանկարի հետ՝ դեմքի ճանաչման համակարգչային ծրագրի միջոցով:
«Պրոֆիլը, ականջները, աչքերը, քիթը համընկնում են»,-մեկնաբանել է Մուրը՝ ընդգծելով, որ դիմանկարը, հավանաբար, ավելացրել է ոչ թե Տիցիանը, այլ նրա որդին՝ Օրացիո Վեչելիոն՝ 1576 թվականի սկզբին:
Իսկ երբ Մուրը հեռացրել է անգույն լաքի ամենաբարակ շերտը, հայտնաբերել է, որ նկարի վրա թաքնված է նկարչի ստորագրությունը։
Ռեստավրատորը նաև գտել է կտավի նախորդ սեփականատիրոջ՝ կոլեկցիոներ Ջոն Սքիփեի նամակը, որը թվագրված է 1775 թվականով: Փաստաթղթի տեքստում ասվում է, որ նա Վենետիկի վանքում գնել է «Տիցիանի լավագույն պահպանված աշխատանքը»։
1909-ին Սքիփեի հետնորդը ծխական եկեղեցուն կտավ է նվիրել։ Սակայն այդ ժամանակ կտավի ճշգրիտ ծագումն ու Տիցիանի հետ կապը կորել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր