ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Որքան գիտեմ, Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ ֆորմալ քննարկումներ են». Հովսեփ Խուրշուդյան
22:55, 04.03.2021 | mamul.am
3173 | 0

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Որքան գիտեմ, Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ ֆորմալ քննարկումներ են ընթանում երկկողմանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Մի կողմից դա ողջունելի է, ավելին՝ եթե վաղուց փորձ արած լինեինք կարգավորել այդ հարաբերությունները, գուցե 2020-ի պարտությունը չլիներ։ Ինչևէ, պետք է նկատի ունենալ, որ քանի որ Հայաստանի քաշային կարգը համարժեք չէ Թուրքիայինին, ապա նման կարգավորման համար անհրաժեշտ է հզոր միջնորդ, գերադասելի է՝ գերտերություն, որը կկարողանա նաև գառանտ կանգնել այդ պայմանավորվածությունների համար։

Իհարկե, դա չի կարող լինել Ռուսաստանը, ոչ միայն որովհետև բավարար հզոր չէ, իսկ տարածաշրջանում ռազմական առումով անգամ Թուրքիայից թույլ ու գնալով թուլանալու է, այլ նաև քանի որ Հայաստանի հանդեպ մշտապես վարել է և շարունակում է վարել կայսերական քաղաքականություն՝ զոհաբերելով մեր շահերը սեփական շահերն առաջ մղելու նպատակով։

Այսպիսով, քանի որ Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի հետ լարված են, իսկ Չինաստանի հետ մեր ու Թուրքիայի հարաբերություններն այդքան զարագացած չեն, ապա մնում են ԵՄ-ը, ԱՄՆ-ը կամ, ծայրահեղ դեպքում, Մեծ Բրիտանիան։ Վերջինիս, կարծում եմ չի հասնի, քանի որ ԵՄ-ն և, հատկապես՝ ԱՄՆ-ը ոչ միայն ունեն ուղիղ շահագրգռություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլև արդեն ունեն դրա փորձը՝ հայ-թուրքական արձանագրությունները, թեև անհաջող։

Տարբերությունը 2010-ի համեմատ մեզ համար շահեկան է, քանի որ այժմ ԱՄՆ-ը շահագրգռված է, ոչ թե Ցեղասպանության հարցի ճանաչումը «ջրելու»՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքով, այլ, այսպես թե այնպես, օգտագործելու է այն որպես Թուրքիայի վրա լրացուցիչ լծակ։ Միաժամանակ, Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում պատերազմի ժամանակ, որի հետևանքով Արցախի առնվազն 30000 բնակիչ ստիպված էր մազապուրծ արտագաղթել իր հայրենի բնակավայրերից, իսկ մնացած 100000-ի անվտանգությունն էապես վտանգված է, լեգիտիմ հիմք է տալիս Հայաստանին և միջնորդին պնդելու, որ ապագայում հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կողմից նոր ցեղասպանության բացառումը պետք է դառնա հայ-թուրքական կարգավորման անկյունաքարերից մեկը։

Ինչպես և կանխատեսվում էր, Բայդենի վարչակարգը կարճ ժամանակում սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել Թուրքիային Արևմտյան ակումբ «ետբերման ենթարկելու» գործողություններին, որի հետևանքով հակահայ քայլերին միտված ռուս-թուրքական կարճատև մերձեցումը կրկին սկսել է սառչել։

Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների և ՀՀ իշխանությունների սինխրոն և համաձայնեցված աշխատանքը, որը կարող է առերևույթ նաև չարտահայտվել։ Եվ ՀՀ օրինական իշխանության հանդեպ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի մերժողական կեցվածքն անընդունելի է։

Որպես հետաքրքիր և քննարկման արժանի, թեև որոշ առումներով հնացած մոտեցում՝ մեկնաբանության մեջ կիսվում եմ այս հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ տարիներ առաջ արտահայտված մտքերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր