ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, ի՞նչ իրավական հիմքով և ինչի՞ դիմաց են շարունակվում Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակի շրջանցմամբ՝ պետական սահմանի ապօրինի գծանշումների անվան տակ տարածքների զիջումներն ու անվտանգության կորուստը։ Մի՞թե սրա հակասահմանադրականությունը միայն Մարդու իրավունքների պաշտպանն է նկատում ու մտահոգված։ Հարգելի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՛Ր, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում, դրա համար մեծամասնության համաձայնությունը պետք չէ, այն ստեղծվում է իրավունքի ուժով։ Միայն թե հղում չանեք Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասի վրա, քանզի սրանք միայն պաշտպանության և անվտանգության ոլորտներ չեն, սա առնվազն միջազգային պայմանագրերը խորհրդարանում վավերացնելու ասպեկտ է։ Նույնիսկ եթե պայմանականորեն այս ամենը դիտարկենք, որպես զուտ պաշտպանության և անվտանգության ոլորտներ, ինչո՞ւ չեք փորձում իրավասու հանձնաժողովին պարտադրել զբաղվելու իր անմիջական առաքելությամբ, երբ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջը։ Ցանկացած քայլ, ցանկացած միջոց պետք է ձեռնարկել այս գրեթե անդառնալի զարգացումները կանխելու համար, խնդրում ենք, մի՛ հապաղեք, մի մոռացեք, որ հենց այդ տարածքների բնակիչներն են առավել հակված լինելու արտագաղթի ... »: |