ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը
10:32, 14.04.2021 | mamul.am
5636 | 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ իրենց հովանու ներքո, ասվում է միջնորդների համատեղ հայտարարության մեջ:
Ուղերձում՝ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) ընդգծել են, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:
«Այդ կապակցությամբ համանախագահները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո։ Համանախագահները վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների կարողանան քննարկել և համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը»,-նշվում է ԵԱՀԿ կայքում զետեղված փաստաթղթում:
Միջնորդները գոհունակությամբ են նշել հրադադարի ռեժիմի ամրապնդումը՝ հայտարարելով, որ ուշադիր հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի իրականացմանը:
«Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հարցում զգալի ձեռքբերումները և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործընթացում շարունակվող առաջընթացը, մարդասիրական օգնության տրամադրումն ու կյանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումները, որոնք ուղղված են ամբողջ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցային ապաշրջափակմանը»,–ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները կողմերին հիշեցրել են մնացած խնդրահարույց հարցերի լուծման և կայուն խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին: Նրանք դրանց թվին են դասել բոլոր ռազմագերիների և ձերբակալված այլ անձանց վերադարձը, անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում՝ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Համանախագահներն ընդգծել են նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության անհրաժեշտությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր