Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.27, EUR 633.77, RUB 7.03, GBP 738.12
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նախագահը չի ստորագրելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը
18:04, 17.04.2021

Հանրապետության նախագահը չի ստորագրելու «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից Օրենքն առերևույթ խնդրահարույց չէ:

Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահն ունի հետևյալ սկզբունքային դիտարկումները՝

Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:

Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի համապարփակ փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ և, ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, պետք է իրականացվի լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքները լսելով և հաշվի առնելով: Ընտրակարգին առնչվող կարգավորումները պետք է միտված լինեն ընտրողների շահերը լավագույնս ներկայացնելու տրամաբանությամբ Ազգային ժողով ձևավորելուն:

Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ: Վենետիկի հանձնաժողովն արտահայտել է նաև իր դիրքորոշումն այն մասին, որ ընտրական համակարգի կայունությունը կարևորագույն սկզբունքներից է, կարևոր է նաև ունենալ բավարար ժամանակ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ խորքային և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ հանրային քննարկումներ իրականացնելու համար:


Օրենքով մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը:

Առանց տարածքային ցուցակների կառուցակարգի համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձևավորած պետություններում, որտեղ կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականցվում է ներկայացված ծրագրերի հիման վրա: Մինչդեռ նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրելու Օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր