ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արցախի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների». համայնքապետ
19:44, 17.04.2021 | mamul.am
2276 | 0

ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների. այժմ գյուղում ապրում է չորս ընտանիք. մեկը՝ Շեխեր համայնքից, իսկ երեքը՝ Հադրութի շրջանից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ պատերազմից հետո գյուղացիների 95 տոկոսը հետ է վերադարձել: Խոսելով համայնքի մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է. «Մաճակալաշենում գործում է դպրոց, որտեղ հաճախում է 45 աշակերտ։ Ունենք մանկապարտեզ՝ 20 երեխաներով: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Ցավոք սրտի, 280 հա վարելահող մնացել է թշնամու վերահսկողության ներքո: Մեր վերահսկողության ներքո գտնվող 102 հա տարածքներում ցանվել է հիմնականում ցորեն: Ունենք 25 հա խաղողայգի. Գյուղացիների մի մասն աշխատում է այդ այգիներում: 150 հա արոտավայր նույնպես անցել է թշնամուն: Ներկա դրությամբ կրակոցներ չենք լսում»։ Մաճկալաշեն համայնքի տարածքում է գտնվում Ամարասի վանքը: Խոսելով Ամարասի վանք այցելողների մասին՝ Լ. Ավանեսյանը նշել է, որ աշխատանքային օրերին նրանց թվաքանակը քիչ է լինում, կիրակի օրերին՝ նկատելիորեն շատ։ Վանքում պատարագ մատուցվում է հենց կիրակի օրերին։ Լ. Ավանեսյանը ավելացրել է նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հերթական անգամ այցելել է իրենց համայնք՝ գյուղում վերաբնակություն հաստատած 4 ընտանիքների և երկու համայնքաբնակ անօթևան ընտանիքների տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր և գյուղատնտեսական գործիքներ։ Գյուղապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի աշխատակիցներին՝ իրենց համյանքի բնակիչներին ուշադրության կենտրոնում պահելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր