Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.09, EUR 630.68, RUB 7.05, GBP 726.75
+16 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով ուզում է վիժեցնել գործընթացը». Նիկոլ Փաշինյան
17:44, 21.04.2021

«44-օրյա պատերազմից հետո Սյունիքի շուրջ, առավել ևս իրավիճակի և իրադրության փոփոխություն ունենք և այդ իրադրությունն է՛լ ավելի սրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ, անկանոն և հակասական հայտարարություններով»,- այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին. մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին: Այսօր էլ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված էր հերքել Ադրբեջանի ղեկավարին՝ ասելով, որ խոսք չկա Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են և դրանք պետք է արժանան պատշաճ ուշադրության, արձագանքի և հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից»,- ասել է ՀՀ վարչապետը՝ կրկնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան, և խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին:

«Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի, Հյուսիսային ադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանը, ըստ նույն պայմանավորվածության և գրավոր փաստաթղթերի, կարող է ստանալ այնպիսի չակերտավոր միջանցք, ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում Նախիջևանի տարածքով միջանցք, իսկ կոմունիկացիաների բացումը լրիվ ուրիշ խնդիր է»,-պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ իր մեկնաբանմամբ, Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով ուզում է վիժեցնել գործընթացը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր