ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ջո Բայդենին
20:36, 24.04.2021 | mamul.am
9648 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կապված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հետ:

«Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղեցի հետևյալ նամակը.
Ձերդ գերազանցություն,
Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։
Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։
Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։
Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։
Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը․ «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են»։
Մեծարգո պարոն Բայդեն,
Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր