ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Վեդիում Արցախի հերոս փոխգնդապետի նկարը հանել, Քոչարյանի նախընտրական պաստառն են փակցրել
19:04, 05.05.2021 | mamul.am
4827 | 0

Այսօր, Հադրութում սեպտեմբերի 30-ին զոհված Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի ծննդյան օրը, Արարատի Վեդի քաղաքի ցուցանակից Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հանել էին Արցախի հերոսի նկարը և տեղադրել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական պաստառը։ Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանը չի սկսվել, և քարոզչությունն արգելված է, գրում է «Քաղաքացիակենտրոն
լրատվություն»-ը:

Կատարվածը առաջացրել է վեդեցիների և զոհված հերոսի ընկերների վրդովմունքը, որոնք բողոքի ակցիայի են հավաքվել, հատուկ տեխնիկա բերել և փորձել պոկել Քոչարյանի պաստառը, որ հետ տեղադրեն Դավիթի նկարը։


Դավիթի ընկերը պատմել է, որ զանգահարել է Վեդի համայնքի ղեկավարի տեղակալին, վերջինս հավաստիացրել է, թե հարցերը կարգավորված են, Դավիթի նկարը նորից հետ են փակցնելու ցուցանակին։

Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը ծառայել է Հադրութում՝ որպես գումարտակի հրամանատար։ «Զոհվել է սեպտեմբերի 30-ին, մինչ այդ ոչ մի թիզ հող չի զիջել թշնամուն, իր կյանքով փրկել է իր զինվորների կյանքը։ Թշնամու տանկից ծանր վիրավորված 3 ժամ պայքարել է ոտքը կտրված ու կռվել է։ Մենք բոլորս պարտական ենք նրան»,- պատմել է ընկերը։

Հիշեցնենք, որ Վեդիի քաղաքապետը Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքապետերից էր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր