ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Չեմ տեսնում այլ տարբերակ, քան Տեր-Պետրոսյանի առաջադրումը». Նարեկ Սարգսյան
20:24, 05.05.2021 | mamul.am
3961 | 0

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր-Պետրոսյանը հրապարակել է հոդված, որում բացահայտել է մարտի 25-ին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները: Վերջիններիս Տեր-Պետրոսյանը առաջարկել է կազմավորել «Ազգային համաձայնության դաշինք», միասին մասնակցել ընտրություններին՝ ՉՀԱՎԱԿՆԵԼՈՎ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԻ: Ինչպես և սպասվում էր, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը չեն համաձայնվել այդ առաջարկությանը:
Վստահ եմ, որ զարմանքի, անեծքի ու հայհոյանքի տարափ է սկսվելու (եթե արդեն չի սկսվել), թե այդ ինչպե՞ս եղավ, որ Տեր-Պետրոսյանը, որը Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունը 2007-2008-ից անվանում էր «ավազակապետական», հիմա այդպիսի առաջարկ է արել:
Հայհոյողներին ոչինչ չունեմ ասելու, բայց զարմացողների հիշողությունը ուզում եմ թարմացնել: Դուք արդյո՞ք մոռացել եք, թե ինչ էր առաջարկում Տեր-Պետրոսյանը նույն 2007-ին: (հիշեցնեմ նաև, որ Սերժ Սարգսյանը 2008-ի ընտրություններին առաջադրվել է օրենքի խախտումով): Տեր-Պետրոսյանն այդ նույն անձանց հրապարակավ առաջարկում էր՝ ապահովել ազատ իշխանափոխություն և այդ դեպքում ինքը այլևս չի հավակնի որևէ պաշտոնի և կհանի իր թեկնածությունը:
Այն ժամանակ նույնպես առաջարկը մերժվեց, արդյունքում Սերժ Սարգսյանը շարունակեց մնալ նախագահի թեկնածու, կեղծեց ընտրությունները և մարտի 1-ով եկավ իշխանության: Եթե Տեր-Պետրոսյանի առաջարկները 2008 ընդունվեին, ապա այսօր Հայաստանը ունենալու էր բաց սահմաններ, ամբողջական Արցախ, արժանապատիվ հարևանություն, 5000 կենդանի զավակներ, սրընթաց զարգացող տնտեսություն….
Վերցրեք Տեր-Պետրոսյանի ամբողջ քաղաքական կենսագրությունը՝ 1988-ից առ այսօր՝ 33 տարի շարունակ նախագահի բոլոր քայլերը ունեցել են մեկ նպատակ՝ պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը:
Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պետրոսյանը 1988-ին միացել է «Ղարաբաղ» կոմիտեին՝ մի կողմ դնելով իր մասնագիտական կյանքը: Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պետրոսյանը 1989-ին ձերբակալվել է և բանտարկվել Մոսկվայում: Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պետրոսյանը առաջադրվել է նախագահի թեկնածու: Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պետրոսյանը 1997-ին համաձայնվել է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանգիր՝ արժանանալով սեփական թիմի քննադատությանը: Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պերոսյանը 1998-ին հրաժարական է տվել (այն ժամանակ չկար որևէ ժողովրդական ընդվզում: Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ նրա դեմ նույնիսկ 100 հոգանոց հանրահավաք չի եղել): Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պերոսյանը 2007-ին վերադարձել է քաղաքականություն: Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պերոսյանը պատրաստ է եղել նաև այն ժամանակ ստորագրել արժանապատիվ խաղաղության պայմանագրի տակ՝ շատ լավ իմանալով, որ դրանից հետո արժանանալու է հազարավոր մարդկանց անեծքին ու «Դավաճանի» պիտակին (Վստահ եմ, որ 2007-ին իրեն դավաճան էին համարում նույնիսկ այն մարդիկ, որոնց հարազատները զոհվեցին վերջին պատերազմում՝ չգիտակցելով, թե ինչ է փորձում կանխել առաջին նախագահը): Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պերոսյանը տարիներ շարունակ պայքարել է Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պերոսյանը՝ լինելով առաջին նախագահը 2009-ին առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու: Հանուն Հայաստանի ու Արցախի շահի Տեր-Պերոսյանը 2013-ին համագործակցել է Գագիկ Ծառուկյանի հետ:
Համաշխարհային քաղաքականության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ իրենց ժողովուրդների և պետությունների ապագայով մտահոգ գործիչները դիմում են ահա այսպիսի քայլերի: Դա է քաղաքական գործիչների և պետական գործիչների տարբերությունը: Երբ երկրի ֆիզիկական գոյությանը վտանգ է սպառնում, պետական գործիչները երկրորդական են համարում ամեն ինչ:
Այսօր էլ Տեր-Պետրոսյանը զբաղված է նույն բանով՝ Հայաստանի և Արցախի փրկված մասի գլխին կախված վտանգները կանխելով: Հետևաբար ես ոչ միայն տարօրինակ չեմ համարում առաջին նախագահի առաջարկությունը, այլ նույնիսկ ուրախ եմ այդ առիթով: Ինչ՞ու: Շատ պարզ պատճառով: Այդ առաջարկության արդյունքում մեր ժողովուրդը հերթական անգամ պարզ կտեսնի, թե բացի Տեր-Պետրոսյանի ուժից, արդյո՞ք կա Հայաստանում երկրորդ ուժ որը պատրաստ է 30 տարվա մեջ գոնե մեկ օր գործել Հանուն Հայաստանի ու Արցախի շահի:
Ցավոք ժամանակը ցույց է տվել, որ անիմաստ է հուսալ, որ մեր քաղաքական դաշտում կգտնվեն այլ ուժեր որոնց համար Հայաստանի ու Արցախի շահը ամեն ինչից վեր է: Թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը թքած ունեն Հայսատանի վրա էլ, Արցախի վրա էլ: Իրենք պատրաստ են թեկուզ կորցնել ողջ Արցախը, թեկուզ նոր մարտի 1-եր անել, կրակել ժողովրդի վրա, միայն թե կրկին բռնազավթեն իշխանությունը և ևս 20 տարի հարստահարեն երկիրը:
Հետևաբար ինչպես 2007-2008-ին, այնպես էլ այսօր, ես չեմ տեսնում այլ տարբերակ, քան Տեր-Պետրոսյանի առաջադրումը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր