ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Բացահայտվել են բավարար փաստեր՝ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցելու համար». Գևորգ Գորգիսյան
11:48, 07.05.2021 | mamul.am
3285 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտարարություն է արել՝ ի պաշտպանություն ԳՇ պետ Արտակ Դավթյանի՝ անցնելով կոռեկտության սահմանները:

Նշեմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մշտապես հատուկ հարգանքով և զգուշավորությամբ են արտահայտվում ՀՀ ԶՈՒ մասին, սակայն սույն անձնավորված հայտարարությունն ստիպում է ինձ տալ համապատասխան պատասխան:

Որպես ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ` պնդում եմ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում բացահայտվել են բավարար փաստեր՝ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ), իսկ որոշակի հանգամանքների բացահայտման դեպքում՝ 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով։

Նշածս փաստերին քաջատեղյակ են նաև հանձնաժողովում աշխատած իշխանական պատգամավորները, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ արտահայտվել է։ Բառացի մեջբերեմ. «Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է ունեցել 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ՝ որպես օպերատիվ վարչության պետ»:

Եթե այս ամենին գումարենք նաև պարոն Դավթյանի՝ ԳՇ պետ եղած ժամանակահատվածում զորամիավորման կրճատումը Սյունիքում, Սու-30 ՍՄ կործանիչ ինքնաթիռների անարդյունավետ գնումը, ռադիոհետախուզական միջոցների՝ որպես մետաղի ջարդոն սպառազինությունից հանումը, ինչպես նաև նրա նախկին գործունեության մի շարք հայտնի ու անհայտ խնդրահարույց դրվագներ, ակնհայտ հարցեր են առաջանում Արտակ Դավթյանի պաշտոնավարման և Հայաստանի Հանրապետության շահերի հետ նրա գործունեության համատեղելիության վերաբերյալ:

Կարծում եմ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր անդամների պնդումներն Արտակ Դավթյանի և նրա գործունեության վերաբերյալ փաստարկված են և նույնիսկ բավական մեղմ:

Լիահույս եմ, որ Դավթյանի գործունեության մանրամասները կուսումնասիրվեն իշխանափոխությունից հետո՝ համապատասխան քրեական գործերի շրջանակում:

Հ. Գ. Երկրում անիշխանությունն ու քաոսն այնքան են խորացել, որ ենթակա մարմիններն սկսել են հոխորտալ վերադասի նկատմամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր