ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»
09:36, 08.05.2021 | mamul.am
2477 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ռուսական «Կոմերսանտ»-ում ծավալուն հոդված էր հրապարակվել «Երևանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը» վերնագրով: Հոդվածում ծավալուն անդրադարձ է առկա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցին և տեղի ունեցած հանդիպումներին: Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում բանակցություններից և նախանշում այն օրակարգը, որը լինելու է մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին:

Մասնավորապես, բավականին ծավալուն անդրադարձ կա Բաքվում պահվող հայ գերիների մասով։ Թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների արձագանքներին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին: Ըստ էության, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, դրա ձևաչափի ու բովանդակության շուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունները դիմակայության նոր փուլ են թևակոխում: Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարօրինակ համարեց իրավիճակը, քանի որ կա կարգավորման գործընթաց Ռուսաստանի հովանու ներքո: Սակայն, նրա կարծիքով, անցել է այն փուլը, երբ համանախագահներն այս գոտում աշխատում էին աշխարհաքաղաքականությունից անկախ:

«Սա այն փուլն է, երբ հակամարտության վրա մեծ ազդեցություն է ունենում ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ներկայիս վիճակը: Առաջիկայում ևս կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ մի փոքր արդյունավետ գործունեությունը, նույնիսկ համանախագահների աշխատանքի վերսկսումը, քանի որ հասկանալի չէ՝ ինչի շուրջ են խոսելու: Բայց այստեղ ուզում եմ նշել, որ պաշտոնապես համանախագահներն այս փուլում դեմ չեն խոսել հումանիտար հարցերից միմիայն և առաջին պլան կարգավիճակի հարցը չեն բերում: Այն ժամանակ առ ժամանակ շրջանառում են արևմտյան որոշ պաշտոնյաներ՝ հասկացնելով, որ սա դառնալու է օրակարգային թեմա: Կարծում եմ՝ չկորցնելու համար այս ձևաչափը, հասկանալով իրավիճակը, ԵԱՀԿ ՄԽ-ն կսկսի աշխատանքը մարդասիրական հարցերից, իսկ հետո կսկսեն քննարկվել ամենախնդրահարույց հարցերը: Ինչպես տեսնում ենք, վերջին հայտարարությունները գերիների և ականազերծման մասին են: Այսինքն՝ կարգավիճակի հարցն այսօր կանխորոշում է ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը»,- նշեց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր