ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել
21:12, 10.05.2021 | mamul.am
4912 | 0

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է ծառայողական քննության առարկա դարձնել Մանե Գևորգյանի գործողությունները
Հայտարարություն
Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են ազատ խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված իրենց արդեն անթաքույց գործելաոճը՝ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությունը։
Հերթական, բայց ոչ սովորական, աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին, երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս մոտենալու լրագրողի բոլոր փորձերը կանխել են տարածքում գտնվող բազմաթիվ համազգեստավոր ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև սպորտային արտահագուստով քաղաքացիական անձինք, ովքեր՝ հանրությանը անհայտ կարգավիճակով ու հիմունքներով, ապահովում են Փաշինյանի անվտանգությունը։
Միջադեպին խառնվել է նաև Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ում կողմից լրագրողին կոպտորեն հրմշտելու, նրա ձեռքից բռնելու կադրերը տեսանելի են տարածված բազմաթիվ տեսանյութերում։
Վարչապետի մամուլի խոսնակի այդ արարքից հետո, ոստիկանները սահմանափակել են՝ ինչպես Անի Գևորգյանի, այնպես էլ՝ «News.am» լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Կատարվածը Մանե Գևորգյանի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առաջին դեպքը չէ, նախորդ անգամ նրա այսպիսի վարքագիծը դրսևորվել էր Սյունիքի մարզում։ Այդ ժամանակ Մանե Գևորգյանը խոչընդոտել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը։
Ավելին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ընտրողաբար և անհարգալից աշխատանքի, պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքի մասին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցների ահազանգերը բազմաթիվ են:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության ու մամուլի նկատմամբ իշխանությունների անհանդուրժողական գործելաոճը, որի կրողն է դարձել նաև ի պաշտոնե մամուլի հետ աշխատանքի պարտականություններ ունեցող ու դրա համար հանրային միջոցներից վճարվող վարչապետի մամուլի քարտուղարը։
Մանե Գևորգյանն իր համանման վարքագծով կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները։
Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է ծառայողական քննության առարկա դարձնել Մանե Գևորգյանի գործողությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Միևնույն ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ հատկապես ընտրությունների նախաշեմին մամուլի նկատմամբ նման ոտնձգություններն իշխանության որդեգրած հակաժողովրդավարական վարքագծի դրսևորումներ են, որոնք բազմապատիկ անթույլատրելի և վտանգավոր են՝ հատկապես ընտրական գործընթացներում։
Իշխանությունը գործնականում արշավ է սկսել մամուլի դեմ, ինչը հատկապես վերջին շրջանում արտահայտվում է նաև պատգամավորների, պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում, որոնցում նա թիրախավորում է մամուլին ու լրագրողներին՝ օրինակ ծառայելով իր թիմակիցների համար․ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների վերջին օրերի գրեթե նույնաբովանդակ ելույթները մամուլի դեմ՝ փաթեթավորված ամենատարբեր պիտակներով, թողնում են ողջամիտ կասկածի տպավորություն, որ կատարվողը քաղաքական որոշման արդյունքում իրականացվող քարոզչություն է՝ ընդդեմ ազատ խոսքի ու լրատվամիջոցների։
Դատապարտելով տեղի ունեցածը՝ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր միջազգային գործընկեր կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածին՝ նաև մասնագիտական հանրույթի համերաշխության միջոցով ապագայում նմանօրինակ միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով։
Հայաստանում խոսքի ու մամուլի ազատությունն այլընտրանք չունի և իշխանության որևէ ոտնձգություն չի կարող ստվերել այն անգնահատելի աշխատանքը, որ հատկապես այս ճգնաժամային փուլում իրականացնում են լրատվամիջոցներն ու լրագրողները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր