ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Դուստրը հետևում է մոր սպանության գործիքների զննությանը․ մեղադրվողը ռուսական ռազմաբազայի զինծառայող է»․ Ա․ Ղարիբյան
10:24, 11.05.2021 | mamul.am
3701 | 0

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուստրը դատարանում հետևում է իր մոր սպանության գործիքների զննությանը։ Քար, շիշ, որով հարվածներից էլ մահացել է 57-ամյա Ջուլիետան։ Մեղադրվողը ռուսական ռազմաբազայի զինծառայող է, ով,ըստ մեղադրանքի, լուսադեմին փողոց մաքրող կնոջ վրա է հարձակվել, դաժանաբար ծեծել ու սպանել է։
Ջուլիետան և դուստրը Գյումրիի փողոցները մաքրելով են պահել իրենց գոյությունը։ Անահիտի հայրը մահացել է, երբ նա շատ փոքր է եղել, մայրն է նրան մեծացրել մեծ դժվարությամբ։ Անահիտը հիշում է, որ մայրը ստիպված է եղել վաճառել իր հագուստները, որպեսզի երեխան սոված չմնա։
«Մենք տարբեր փողոցներ էինք մաքրում, երանի նույն փողոցը մաքրեինք, որ կամ երկուսիս սպաներ, կամ ես մորս փրկեի», - ասում է Անահիտը։
Հիմա Անահիտը միայնակ է հոգում իր և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տատու հոգսերը։ Սա իմանալով՝ դատական նիստից հետո մոտեցա, որ հարցնեմ, թե ինչով կարող ենք իրենց օգնել։ Նա ասաց, որ արդարություն է փնտրում, ուզում է, որ մորը դաժանաբար սպանած անձը պատժվի, բայց չի վստահում դատական համակարգին։
Ավելի ուշ նաև պատմեց, որ ընդամենը 70,000֏ աշխատավարձով են ապրում ինքն ու տատը։ Մոր թաղման ծախսերը հոգալու համար նա վարկ է վերցրել, որը մաս-մաս փակում է հիմա։ Մոր գերեզմանը սարքելու խնդիր ունի։ Հողը առանձնացված չէ, քար դրված չէ։
Անահիտն ասում է՝ մայրս աղքատ է ապրել, բայց արժանի էր, որ հաց ու ջրով թաղեինք, դրա համար վարկ վերցրի։ Հպարտ աղջիկ է Անահիտը, այդպես էլ ամբողջ զրույցի ընթացքում օգնություն չխնդրեց։ Սակայն ես շատ կուզեմ, որ կարողանանք օգնել իրեն։ Եկեք մտածենք, թե ինչ կարող ենք անել այս ընտանիքի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր