ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+12 °C, +8 °C ... +17 °C Վաղը`+19 °C
«Ըստ որոշ տվյալների՝ Բաքուն սկսել է զինվել իսրայելական հակաօդային անխոցելի համակարգերով»․ Հ․ Մարտիրոսյան
10:52, 11.05.2021
2840 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ Իսրայելն, առանց որևէ մեկի ուղղակի մասնակցության, բայց ԱՄՆ աջակցությամբ ստացած տեխնոլոգիաների հիման վրա մշակեց Երկաթե Գմբեթ համակարգը, որ նախադեպ չունի աշխարհում իր արդյունավետությամբ: Այն իր որակներով անգամ գերազանցում է ամերիկյան համանման համակարգերին:
Երկաթե Գմբեթը մի քանի անգամ արդեն կիրառվել է Իսրայելի երկնքում: Այսօր` Երուսաղեմի հրետակոծությունների ժամանակ, Երկաթե Գմբեթը ևս մի անգամ ցույց տվեց իր բացառիկությունը` գրեթե անթերի աշխատելով և սուրբ քաղաքի երկնքում ոչնչացնելով գրեթե բոլոր թշնամական հրթիռները:
Իսրայելը այն փոքր և սկզբում չափազանց աղքատ պետությունն էր, որ ԱՄՆ դաշնակից դառնալուց հետո կարողացավ ինքնուրույն ռազմաարդյունաբերական գերհզոր համալիր ստեղծել և ԱՄՆ լուռ համաձայնությամբ վերացնել սեփական ռազմատեխնիկական կախվածությունը ոչ միայն այլ զինավաճառ պետություններից, որոնցից շատերը հրաժարվում էին զենք մատակարարել հրեական պետությանը, այլև` հենց իրենից` ԱՄՆ-ից: Այսօր անգամ ինքը` ԱՄՆ-ն է գնում իսրայելական ռազմական գերհզոր արտադրանքը:
Ի դեպ` ըստ որոշ տվյալների` Բաքուն սկսել է զինվել իսրայելական նմանատիպ հակաօդային անխոցելի համակարգերով:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Ոչ միայն դավաճանական պատերազմից հետո, որի ժամանակ դաշնակցի կողմից ապաակտիվացվել էր հակաօդային համակարգը, որի արդյունքում էլ այն ոչնչացվեց` չի ազատագրում սեփական ՀՕՊ համակարգը գաղութարարի գերությունից, այլև նրա հրահանգով էլ ավելի է կազմաքանդում բանակը` դրանով երկիրը դարձնելով հաջորդ հարձակման համար անչափ հեշտ թիրախ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր